Ռուսաստանի դաշնության Օմսկի մարզում ոստիկանությունը փնտրում է 1,5 տարեկան մի երեխայի, ում մորը գտել են անտառային գոտում՝ դանակի մի քանի վերքերով: Մերկ և անօգնական 26-ամյա վիրավոր կնոջը տեսել է տեղացի մեկ այլ բնակչուհի, ով ապրում է այդ տեղանքից ոչ հեռու գտնվող Ուստ-Զաօստրովկա գյուղում, Օմսկ-Պավլոդար մայրուղու մոտ: Տուժածը պառկած է եղել շինաղբով լցված փոսի մեջ՝ ինքն էլ մասամբ ծածկված այդ աղբով: Ըստ «vesti.ru» - ի հաղորդման, հավանաբար հանցագործը փորձել է կնոջը ողջ-ողջ թաղել: Ոստիկանները կնոջ մարմնի վրա հայտնաբերեցին դանակից առաջացած մի վերք կրծքավանդակի հատվածում և մեկ ուրիշն էլ՝ պարանոցին: Վիրավորին առաջին օգնությունը ցուցաբերվեց տեղում, իսկ հետո՝ նրան տեղափոխեցին հիվանդանոց: Պարզվեց որ 1987թ.-ին ծնված կինը Օմսկ քաղաքի բնակիչ է: «Արյան մեծ կորուստ ունենալու հետևանքով նա ոչինչ բացատրել չկարողացավ: Այս պահին տուժածը գտնվում է վերակենդանացման բաժնում»,- տեղեկացրել են ՆԳՆ Օմսկի քաղաքային վարչությունից: Դեպքի կապակցությամբ իրավապահներն առաջ են քաշել նախնական վարկած, ըստ որի հունիսի 30-ին կինն իր 1,5 տարեկան աղջկա հետ զբոսնել է այգում: Նրա հետ այգում է եղել նաև նրա քույրը՝ իր երկու երեխաների հետ: Զբոսանքից հետո կինն աղջկա հետ հյուր է գնացել ծանոթի տուն: Իսկ գիշերը հեռացել է այդ տնից՝ անհայտ ուղղությամբ: Առայժմ ոստիկանությունը գտել է կնոջ հետ համատեղ կյանք վարող 31-ամյա տղամարդուն, ով իր երկու երեխաների և կնոջ հետ է բնակվում: Այս ընտանիքի մասին հարևաններն արտահայտվում են շատ բացասաբար: Նշենք, որ այս պահին ոստիկանության 150 աշխատակիցներ, 105 կամավորականներ և քաղաքային մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ որոնողական աշխատանքներ են իրականացնում վիրավոր կնոջ 1,5 տարեկան աղջկան գտնելու ուղղությամբ: