ԳԱԼԱ. Այսօր «Հարսնաքարի» գործով դատավարության ընթացքում հարցաքննվեցին «Հարսնաքար» ռեստորանային համալիրի պահակներ Խաչատուր Սարգսյանը ու Կառլեն Ստեփանյանը: Վկաները գրեթե նույնանման ցուցմունքներ տվեցին: Նրանք նշեցին, որ դատավարության մասնակիցներին բոլորին ճանաչում են, դեպքի օրը հերթապահության են եղել, դեպքը չեն տեսել, քանի որ գնացած են եղել իրենց համար նախատեսված սենյակում սուրճ խմելու, իսկ երբ վերադարձել են, ռեստորանի ամառային սրահի կողքով անցնելիս լսել են, թե ինչպես են մի խումբ մարդիկ խոսում, որ վիճաբանություն է եղել: Վկաներից Սարգսյանը պատմում է, որ հաջորդ օրը ինքը իմացել է, որ Գարիկ Մարգարյանին ձերբակալել են, իսկ Ստեփանյանն ասում է, որ ինքն իմացել է նաև երեք մատուցողների և ռեստորանի մենեջերի ձերբակալության մասին: Վկաները նշում են, որ դեպքի օրը Ռուբեն Հայրապետյանին մի պահ են տեսել՝ չեն կարող հստակ ասել՝ ցերեկը, թե երեկոյան, բայց լույս է եղել: Վկաների փոխանցմամբ՝ իրենք չգիտեն, թե կոնկրետ որտեղ է տեղի ունեցել դեպքը, ռեստորանում շրջելիս արյան հետքեր կամ շորի կտորներ չեն տեսել:

Տուժողների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի հարցին, թե ովքեր են իրենց հերթապահությունից առաջ ու հետո եղել հերթապահող պահակներ ռեստորանում, վկաները պատասխանում են, որ չեն հիշում:

Տիգրան Եգորյանը փորձեց պարզաբանել, թե որոնք են եղել պահակների հստակ պարտականությունները ռեստորանում. վերջիններս նշեցին, որ իրենք շրջում էին ռեստորանի տարածքում, պատասխանատու էին, որ ռեստորանում գողություն չլիներ, դրան վնաս չհասցվեր, իսկ անվտանգության հարցերով զբաղվում էին անվտանգության աշխատակիցները: Ի դեպ, վկաները դատարանին պատմեցին, որ ամբաստանյալներ Արման Խաչատրյանն ու Նորայր Հայրապետյանը եղել են անվտանգության մշտական աշխատակիցներ, իսկ գործով մյուս ամբաստանյալներ Գարիկ Հայրապետյանն ու Արման Բաղդասարյանը երբեմն-երբեմն եկել և աշխատել են, երբ դրա անհրաժեշտությունը եղել է:

Եգորյանը վկա Ստեփանյանից փորձեց պարզել, թե շրջելու ընթացքում որևէ արտառոց բան նկատելու, գտնելու դեպքում ինչ են անում պահակները: «Ասենք, շրջեցիք ու կոշիկ գտաք, ի՞նչ եք անում»,- հարցնում է Եգորյանն, ու ի պատասխան՝ Ստեփանյանն ասում է ՝ «տենց բան չի եղել»: Դահլիճից նույն հարցին ուրիշ պատասխան է տրվում՝ «Քեզ ա տալիս»: Դատավոր Հարությունյանը վստահ էր, որ տեղից պատասխանողը ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի մայրն է՝ Նունե Մարգարյանը, ուստի նրա նկատմամբ դատական սանկցիա կիրառեց՝ մեկ ամիս արգելելով ներկա գտնվել դատական նիստերին:

Վկաները նշում են, որ ռեստորանային համալիրը ունի հավաքարարներ, սակայն դեպքի օրը նրանք վերջիններիս չեն տեսել, չեն հիշում, որ նրանք ինչ-որ տարածք մաքրելիս են եղել:

Դատավարության կողմերից Եգորյանին տարօրինակ թվաց այն հանգամանքը, որ իմանալով վիճաբանության մասին՝ վկաները չեն փորձել մանրամասներ ճշտել դրա հետ կապված: «Դուք չե՞ք շփվում աշխատակիցների հետ»,- հարցնում է փաստաբանը Ստեփանյանին, ով նախ ասում

է՝ չէ, ապա երբ փաստաբանը նորից մեկ այլ ձևակերպմամբ է հնչեցնում հարցը, ասում է՝ հա, բա ինչ ենք անում:

Եգորյանը հակասություն համարեց այն հանգամանքը, որ վկաներից Սարգսյանը նախաքննության ժամանակ ասել է, որ ռեստորանում տեսախցիկներ կան, բայց չգիտի, թե որ մասն են դրանք նկարում, իսկ դատարանում ասում է, որ չգիտի՝ դրանք կա՞ն առհասարակ, թե՞ ոչ, և միջնորդեց կարդալ նրա՝ նախաքննության ընթացքում տված ցուցմունքը, սակայն դատավարության կողմերը դա էական հակասություն չորակեցին:

Աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով դատական նիստը հետաձգվեց մինչ հուլիսի 12-ը ժամը 14:00-ը:

Արաքս Մամուլյան