ՀՀ Սյունիքի մարզի Բարձրավան համայնքն օր
օրի դատարկվում է: Համայնքի ղեկավար Օնիկ
Ավագյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում
հուսահատված նկատեց, որ բնակիչների թիվն այս
պահին կազմում է 140, իսկ աշակերտների թիվը՝ 7:
Մինչդեռ տարիներ առաջ աշակերտներն ավելի քան
50-ն էին, իսկ բնակիչները՝ 168:
Բարձրավանի համայնքապետի խոսքով՝
աշակերտների թվի նվազման պատճառը գյուղի
երիտասարդների չամուսնանալն է.
«Մի քսան ջահել ունենք, որոնք դեռ չեն ամուսնացել: Աշխատատեղ չկա, սոցիալապես անապահով են
ապրում, դրա համար էլ չեն ամուսնանում, որ ամուսնանան, շարժ կլինի: Բացի այդ, դպրոց չունենք,
երեխաները դոմիկում են դաս անում: Իսկ գյուղի գրադարանավարին ու ակումբավարին իմ
աշխատավարձի հաշվին եմ վճարում: Եթե իրենց կրճատեմ, բնականաբար իմ աշխատավարձը
կբարձրացնեմ, բայց երկու ընտանիք կարողանում են գոյատեւել, ի՞նչ անեմ»: Տեղեկացնենք, որ
բարձրավանցիները հիմնականում զբաղվում են այգեգործությամբ, անասնապահությամբ, սակայն չեն
կարողանում իրացնել ապրանքը: Բացի այդ, գյուղն ունի նաեւ ճանապարհի եւ տրանսպորտի խնդիր:
Մանրամասները՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում: