ԳԱԼԱ. Երեւանում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում ՀՀ նախագահության շրջանակներում անցկացվող երեւանյան համաեվրոպական խորհրդաժողովը: Բացման խոսքով հանդես է եկել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: «Նման միջոցառումի անցկացումը խորհրդանշական է այն առումով, որ փաստում է Հայաստանի ցանկությունը' սերտորեն ընդգրկվելու Եվրոպայի ընտանիքին: Հայաստանը ունի սահմանադրական սկզբունքներին համարժեք ավանդույթներ, իրավունքի նորմեր, մեր արժեհամակարգի հաջողված ավանդույթ, մասնավորապես այս տարի լրանում է հայ հասարակական- քաղաքական գործիչ Շահամիր Շահամիրյանի աշխատության 245 –րդ տարին: Հնդկաստանի Մադրաս քաղաքում լույս տեսած աշխատությունը, դեռեւս 18-րդ դարում սահմանելով ժողովրդավարական պետության հիմքերը, ըստ էության, ժառանգություն է: Այն, որ Երեւանյան համաժողովին մասնակցում են Եվրոպայի խոհրդի անդամ ավելի քան երեսուն տարբեր երկրների բարձրաստիճան պատվիրակներ, մեծ թվով մասնակիցներ, ինչն էլ վկայում է խորհրդաժողովի թեմայի արդիականության եւ դրանում ներառված տարբեր հարցադրումների հրատապության մասին»,- հայտարարել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Իսկ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ասել է. «Եվրոպայի խորհրդին անդամակցելուց հետո առաջին անգամ այս տարվա մայիսին Հայաստանը ստանձնեց նախարարների խորհրդի նախագահությունը: Այս կարեւոր առաքելությունը մենք առաջին հերթին դիտարկում ենք որպես շատ կարևոր' մեր ներդրումը բերելու ժողովրդավարության հաստատման համար Եվրոպայի խորհրդի երկրներում: Նախագահությունը նաեւ մարտահրավեր է Եվրոպայի խորհրդի ցանկացած երկրի համար, որովհետեւ եվրոպական մայրցամաքը այսօր ունի բազմաթիվ խնդիրներ, որոնց կարող են հիմնարար լուծումներ առաջարկել»:

«Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները եւ իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհդի անդամ երկրներում» թեմայով խորհրդաժողովին ներկա են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Դին Շպիլմանը, Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն:

Նշենք, որ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդաժողովին չէր մասնակցում: Նախագահի ողջույնի խոսքը կարդացել է նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:

Փայլակ Ֆահրադյան