«Մեր երկրի ու իշխանությունների համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է նախագահել Եվրոպայի խորհրդում: Այս վեցամսյա ժամանակահատվածը մենք ձգտելու ենք արժևորել այնպիսի նախաձեռնություններով, որոնք նոր խթան կդառնան եվրոպական արժեքային համակարգի հետագա զարգացման ու ամրապնդման, իրավունքի գերակայության սկզբունքի անշեղ իրագործման համար»,-մասնավորապես ասված է այսօր Երևանում բացված «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» թեմայով համաեվրոպական խորհրդաժողովի մասնակիցներին ուղղված ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքում: Այն ներկայացրեց Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: ՀՀ Նախագահը նաև համոզմունք է հայտնել, որ ժողովրդավարական բոլոր երկրներում սահմանադրական մակարդակում այս կամ այլ կերպ ամրագրված է իրավունքի գերակայության սկզբունքի էությունը: Սակայն գլխավոր խնդիրն այն կյանքի կոչելն է, իրավունքով իշխանության սահմանափակումը կյանքի կանոն դարձնելը: Ըստ նրա՝ հատկապես նոր ժողովրդավարության երկրների համար դա պահանջում է համակարգված ու հետևողական աշխատանք, անկախ դատական համակարգի առկայություն և անաչառ արդարադատության իրականացում: «Մեր երկիրն այս ոլորտներում համակարգային բարեփոխումների նոր փուլ է թևակոխել և հետևողականորեն իրականացնում է մեծ հեռանկարների միտված ծրագրեր: Դրանց բոլորի առանցքը մարդն է, նրա իրավունքների ու ազատությունների երաշխավորումը, երկրում այնպիսի մթնոլորտի ձևավորումը, որտեղ կգերակայեն հանդուրժողականությունը, բազմակարծությունը, անխտրականությունը, արդարությունն ու փոխադարձ վստահությունը»,- ասված է Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքում: Նախագահը ընդգծել է. «Համոզված եմ նաև, որ իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչներին ու իշխանությունների հայեցողության սահմանների հիմնախնդիրներին նվիրված համաեվրոպական այս բացառիկ խորհրդաժողովը մնայուն ավանդ կբերի ինչպես մեր երկրում, այնպես էլ Եվրախորհրդի անդամ մյուս երկրներում առկա մարտահրավերների հաղթահարման, մարդկանց իրավունքների առավել արդյունավետ երաշխավորման, ապահովման ու պաշտպանության գործում»: