ՀՀ սահմանադրական դատարանի նախագահը անտրամաբանական հետևություն է համարում այն հարցը, որ բարձր դատարանը շատ հաճախ կատարում է այն, ինչ-որ հրահանգվում է Բաղրամյան 26-ից և համարում է, որ դա լրագրողի կարծիքն է:

ԳԱԼԱ-ի լրագրողի այն դիտարկմանը, թե դա հասարակության մեծամասնության կարծիքն է, ՍԴ նախագահը արձագանքել է հետևյալ կերպ:

«Որովհետև սա դուք չեք ուսումնասիրել, հասարակության մեծամասնության կարծիքը չի, դա որոշ անձանց կարծիքն է, ՍԴ-ն բացարձակապես կատարում է իր իրավասությունները՝ Սահմանդրությամբ օժտված լիազորությունների շրջանակներում»:

Այնուհետև ԳԱԼԱ-ի լրագրողը հարցրել է, թե արդյոք Սերժ Սարգսյանի կողմից կա՞ ճնշում Հարությունյանի վրա, ինչին ի պատասխան ՍԴ նախագահն ասել է, որ բացարձակապես որևէ ճնշում չկա:

«Եվ այդ ճնշում հասկացությունը պետք է նախ հասկանալ, թե ի՞նչ է դա նշանակում: Դատարանի անկախությունը պայմանավորված է գործառնական, կառուցակարգային, նյութական, սոցիալական տարբեր երաշխիքներով, ամրապնդելու համար այդ անկախությունը, պետք է երաշխիքները ամրապնդել, իսկ մեխանիկական ընկալումները դա արդեն թողնում ենք ձեր գիտակցությանը և խղճին»,-ասել է Գագիկ Հարությունյանը:

Այնուհետև լրագրողները հարցել են Գագիկ Հարությունյանին, թե ինչու ՍԴ –ն որևէ դեպքում նախագահական ընտրությունները չեղյալ հայտարարելու որոշում չի կայացրել:

«Հասկանալի է' ոչ մի ընտրություն կատարյալ չի եղել, և մեր որոշումներում կատարյալ եզրահանգումներ դուք չեք տեսնի, դուք չեք տեսնի նաև իրականության մեջ, որ որևէ երկրի Սահմանադրական դատարան համապետական ընտրությունները չեղյալ է հայտարարել, այդպիսի փաստ էլ չեք տեսնի: Դուք այս հարցերին նայում եք զուտ հայեցական տեսակետից և ինչ-որ տեղ նաև քաղաքականացված: ՍԴ-ն կատարում է իրավական գործառույթ, նա իրավական ճշմարտությունն է բացահայտում այն նյութերի հիման վրա, որոնք ներկայացված են ՍԴ»,- հավելել է Գագիկ Հարությունյանը:

Լիլիթ Թադևոսյան