ԳԱԼԱ-ն տեղեկացնում է, որ այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ արվեստագետներ Հաղթանակ Շահումյանը և Ռուբեն Բաբայանը խոսել են Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի թեմայով: «Ասում են' սա ընդամենը բալանս է երկու պետությունների մեջ, բայց այդ հավասարակշռությունը վաղուց խախտված է: Ռուսաստանը մեր բարեկամն է, բայց մենք երբեք այդ բարեկամի առանձնահատուկ վերաբերմունքը չենք զգացել»,-նշել է Շահումյանը: Նրա խոսքով' հարկավոր է հայ մտավորականներով հավաքվել, նամակ գրել Վլադիմիր Պուտինին, կոչով դիմել տեղի իրենց գործընկերներին: Իսկ Ռուբեն Բաբայանը հայտնել է, որ այդ գործարքն իր համար անակնկալ չէր, քանի որ Ռուսաստանը փորձում է ամրապնդել իր դիրքերը. նա հարուստ երկիր համարվող Ադրբեջանից ակնկալիքներ ունի: