«Հայաստանը գրավել է Ադրբեջանի տարածքների 20 տոկոսը՝ ադրբեջանցիների նկատմամբ իրականացնելով ցեղասպանություն»,- երեկ Ազգային ժողովում ընթացող «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» թեմայով համաեվրոպական խորհրդաժողովի ժամանակ նման տեսակետ իր զեկույցում արտահայտեց Մոլդովայի խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուն: Նա նաև նշեց, որ Խոջալուի «ցեղասպանությունը» իրականացրել են հայերը, ինչն այլևս միջազգայնորեն ճանաչված փաստ է: Խորհրդաժողովի մի շարք մասնակիցներ ծափահարեցին նրա այս ելույթին:

Ելույթից հետո արտահերթ ելույթով հանդես եկավ ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:

«Անընդունելի է, որ որոշ փաստաբաններ այս դահլիճում պատվերներ են իրականացնում։ Ես չգիտեմ, թե դուք ում պատվերն եք իրականացնում, հարգելի փաստաբաններ, բայց ձեր ելույթները կարող եք ձայնագրել, որպեսզի ձեր պատվիրատուները ձեզ շնորհակալություն հայտնեն»,- ասաց նա։

Այսօր արդեն համացանցում հայտնվել են Մոլդովայի խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիունի ֆեյսբուքյան էջի լուսանկարներն ու գրառումները, որոնց մի մասն արդեն իսկ ջնջված է նրա էջից:

Լուսանկարներից պարզ երևում է, որ մոլդովացի փաստաբանն այնքան չի գրում Մոլդովայի մասին, որքան իր սիրելի Ադրբեջանի մասին: Այստեղից էլ արդեն պարզ է դառնում, թե ինչու վերջինս Խոջալուի դեպքերը «ցեղասպանություն» անվանեց, իսկ հայերին՝ ագրեսոր, ազատագրված տարածքներն էլ՝ գրավյալ:

Նշենք նաև, որ ըստ լուսանկարների՝ վերջինս Ադրբեջան է այցելել Հայաստան գալուց մոտ 20 օր առաջ: