ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակից Սոս Օհանյանի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Վերջինս 2013թ. մայիսի 14-ին Երևան քաղաքի Նուբարաշենի խճուղում ոչ սթափ վիճակում ստեղծել է վթարային իրադրություն' բախվելով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի աշխատակից Ռոբերտ Աբրահամյանի վարած «Ֆիատ» և Արթուր Մանուկյանի վարած «Օպել» ավտոմեքենաներին: Ինչպես տեղեկացնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, վթարի հետևանքով «Ֆիատ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ռոբերտ Աբրահամյանը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ գիտակցության չգալով մահացել է, իսկ «Օպել» մակնիշի ուղևոր Տարիել Քիշմիրյանը ստացել է մարմնական վնասվածքներ, որոնք վերջինիս առողջությանը պատճառել են ծանր վնաս' կյանքին վտանգ սպառնացող: Սոս Օհանյանը մեղադրվել է ՀՀ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, հանձնվել է նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին' մեղադրական եզրակացությունը հաստատելու և քրեական գործը դատարան ուղարկելու համար: