Lragir.am. Հանրապետական կուսակցության գործկոմի նիստից հետո հայտարարություններ հնչեցին, թե նիստի ընթացքում ոչ ոք ոչ մեկին չի նախատել, այլ պարզապես քննարկել են հարցերն ու որոշել, թե ինչպիսի դիրքորոշում են ունենալու այդօրինակ իրավիճակներում հետագայում: Դա մոտավորապես նույնն է, որ Սերժ Սարգսյանը մատ է թափ տվել բոլորի վրա եւ ասել, որ հաջորդ անգամ ոչ ոք ինքնագործունեություն չծավալի: Այլ կերպ ասած, Սերժ Սարգսյանը կարծես թե վերահսկողություն է սահմանել ՀՀԿ-ականների եւ իշխանության ներկայացուցիչների ամեն մի նախադասության, բառի վրա:
Սերժ Սարգսյանը, ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի, կտրուկ քայլերի եւ կոշտ արտահայտությունների սիրահար չէ: Անկախ Հայաստանում նա իր իշխանական կարիերայի ընթացքում առավելապես եղել է «գորշ կարդինալի» դերում, ինչը չի ենթադրում կտրուկ կամ կոշտ գործեալոճ, համենայն դեպս հրապարակային իմաստով:
Բայց, նախագահի կարգավիճակում, Սերժ Սարգսյանն իհարկե չի կարող իրեն թույլ տալ «գորշ կարդինալի» մեթոդներ: Նախագահի կարգավիճակը ենթադրում է գոնե նվազագույն ծավալի հրապարակային գործողություններ, այդ թվում իշխանության մեջ առկա այս կամ այն քաղաքական գործընթացի որեւէ դրվագի հանդեպ դիրքորոշման տեսանկյունից:
Նախագահի նստավայրում տեղի ունեցած խորհրդակցությունը հենց այդ նվազագույն անհրաժեշտությունների շարքից էր, որով Սերժ Սարգսյանը պետք է ցույց տար, թե լիովին տիրապետում եւ վերահսկում է իրավիճակն ու դերակատարներին, եւ ոչ ոք չի կարող թռչել նրա գլխից բարձր:
ՀՀԿ գործկոմի նիստն արդեն Սերժ Սարգսյանի «կարդինալական» ասպարեզն է, որտեղ նա հարցերը փորձում է լուծել ստվերում, անաղմուկ: Այսինքն, գործկոմի նիստն ըստ էության այսպես ասած «հավասարների» հավաք է, որտեղ Սերժ Սարգսյանը պետք է ներկայացնի իր հրապարակային գործունեության հիմքերը, որպեսզի բոլորը տեսնեն, որ նա ունեցել է Իշխան Զաքարյանի հանդեպ այդպես վարվելու ծանրակշիռ հիմքեր եւ նրան ըստ էության նվաստացրել է ոչ թե անձնական, այլ համակարգային անհրաժեշտությունից ելնելով:
Հավատացել են ՀՀԿ-ականները Սերժ Սարգսյանին, թե ոչ, դժվար է ասել: Բնականաբար նրանք այդ մասին հայտարարություններ չեն անի: Բայց, ամենայն հավանականությամբ, ներիշխանական «հավատաքննության» գործընթացն ավարտ չի ունենալու, որովհետեւ արտաքին շոուների անհրաժեշտություն Սերժ Սարգսյանը զգալու է պարբերաբար՝ ներքին ու արտաքին տարբեր գործոններով պայմանավորված, ինչն էլ իր հերթին առաջացնելու է դրանից հետո ներքին պարզաբանումների անհրաժեշտություն:
Սերժ Սարգսյանին առայժմ հաջողվում է շարունակել «ներսի» ու «դրսի» ակտերի այդ համակեցությունը, դրա շնորհիվ հետաձգելով թե ներսի, թե դրսի շատ հարցերի լուծումը:
Սարգսյանին որեւէ կերպ չի հաջողվում ձեւավորել սեփական իշխանություն եւ խաղալ «առաջին համարով», եւ այստեղ պատճառներից մեկն էլ ոչ միայն միջավայրային բարդություններն են, այլ նաեւ ներքին ներդաշնակության բացակայությունը: Սերժ Սարգսյանին կարծես թե հոգեհարազատ է «երկրորդ համարով» խաղը՝ թույլ չտալ, որ մրցակիցները կարողանան իրենց խաղը խաղալ:
Պատահական չէ, որ Սերժ Սարգսյանի իշխանության ամենաբնորոշ եւ տարածված գնահատականը, ասենք Ռոբերտ Քոչարյանի որակապես նույն իշխանության համեմատ, անորոշությունն ու անկանխատեսելիությունն է, որից դժգոհում են անգամ Սարգսյանի մերձավոր շրջապատի շատ ներկայացուցիչներ:
Դա անխուսափելի հետեւանքն է այն փաստի, որ դե յուրե իշխանություն ունեցող մարդը դե ֆակտո շարունակում է մնալ «գորշ կարդինալի» տրամաբանության եւ մտածողության շրջանակում, վախենալով թե մրցակիցների, թե նաեւ իր դե ֆակտո իշխանությունից: Երբ դե յուրե իշխանության կարգավիճակ ունեցող մարդը երկրում ոչ թե փորձում է դե ֆակտո իշխանություն կառուցել՝ որեւէ սկզբունքի եւ տրամաբանության շրջանակում, այլ ընդամենը գլխավոր խնդիրն է դիտում մրցակիցներին այդ հնարավորությունից զրկելը՝ զուտ դրանում տեսնելով սեփական հաջողությունը, իրավիճակի ամենաբնորոշ հատկանիշը դառնում է անկանխատեսելիությունն ու անորոշությունը, ինչն առավել վտանգավոր է, քան ամենաանորակ որոշակիությունը:  

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ