ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր մասնակցել է «Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով Իրավաբանների համահայկական երկրորդ համաժողովի աշխատանքներին, որը կազմակերպել էր ՀՀ սփյուռքի նախարարությունը։
«Խոսելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման մասին՝ մենք հիմնական պատասխանատու ենք համարում Թուրքիային: Թուրքիան, իրավաբանական լեզվով ասած, ոճրագործության կատարողն է: Եվ դա այդպես է: Բայց մենք' իրավաբաններս, լավ գիտենք, որ ոճրագործները հաճախ ունենում են հանցակիցներ' կազմակերպիչներ, դրդիչներ, օժանդակողներ: Իսկ եղե՞լ են արդյոք անհատ անձինք, միջազգային բացահայտ կամ գաղտնի կազմակերպություններ, ժողովուրդներ և պետություններ, ովքեր կազմակերպել, օժանդակել կամ դրդել են Հայոց ցեղասպանությունն իրականացնողներին: Եվ գլխավորը' ինչ նպատակով: Գրականության մեջ արդեն հայտնվել են որոշ տեղեկություններ Հայոց ցեղասպանության կազմակերպիչների, օժանդակողների, նույնիսկ համակատարողների մասին: Բայց այդ տեղեկություններում բարձրաձայնված միջազգային կազմակերպությունների և պետությունների մասին ես առայժմ լռում եմ, քանի որ դրանք սոսկ վարկածներ են, որոնք իրավական լուրջ հետազոտությունների կարիք ունեն»,- ողջունելով համաժողովի մասնակիցներին հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազը եւ նշել, որ պայ իրավաբանների խնդիրներից մեկն է համարում Հայոց ցեղասպանության կազմակերպիչների, դրդիչների և օժանդակողների բացահայտումը:

Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման իրավական հարցերին, ապա Ա.Հովսեփյանի խոսքով, այստեղ էլ հայ իրավաբանները լուրջ անելիքներ ունեն:

«Այստեղ մի շարք իրավաբանական խնդիրներ են ծագում: Անվիճելի է, որ Հայոց ցեղասպանության հետևանքների վերացումը կապված է փոխհատուցման հետ: Ի՞նչ բնույթ պետք է ունենա այդ փոխհատուցումը, զուտ բարոյակա՞ն, թե՞ նաև գույքային և տարածքային:

Ինչպիսի՞ն է փոխհատուցում ստացող սուբյեկտների շրջանակը: Այն պետք է ընդգրկի ցեղասպանության զոհերի ժառանգների՞ն, Հայ առաքելական Եկեղեցու՞ն, Հայաստանի Հանրապետությա՞նը, թե՞ բոլորին միասին: Իմ խորին համոզմամբ, ցեղասպանության զոհերի ժառանգները պետք է նյութական փոխհատուցում ստանան, Հայ Եկեղեցուն պետք է վերադարձվեն Թուրքիայի տարածքում հրաշքով կանգուն մնացած եկեղեցիները և եկեղեցապատկան հողերը, Հայաստանի Հանրապետությունը պետք է ստանա իր կորցրած տարածքները և այլն: Բայց այդ բոլոր պահանջները պետք է ունենան անթերի իրավական հիմնավորումներ»,- ընդգծել է գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանը:

ՀՀ գլխավոր դատախազի ելույթին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ ՀՀ դատախազության ինտերնետային էջի «Ելույթներ եւ հարցազրույցներ» բաժնում։