168.am. Մեր երկրի տոնացույցը չի դադարում ուրախացնել մեզ ոչ աշխատանքային օրերով: Այսօր էլ, ահա, բոլորս տանն ենք: Շատերի օրն է այսօր, թերևս, սկսվել նման երկխոսությամբ. «Ինչպե՞ս, երեխային մանկապարտեզ չե՞ք տանում»: «Այսօր ոչ աշխատանքային օր է»: «Ի՞նչ օր է»: Եվ ընտանիքի քաղաքականապես հասուն անդամները փայլում են. «Այսօր Սահմանադրության օրն է»: «Էէէէէէէէ~…»: Իսկ եթերից արդեն հնչում է երկրի նախագահի ուղերձը' «հարգելի հայրենակիցներին»: Տեքստի բովանդակությունը վերաշարադրելու կարիք չկա. բոլորը գիտեն' որքան կարևոր է Սահմանադրությունը: Հատկապես, եթե այն աշխատում է: Ուղերձի ընթացքում ընտանիքի որոշ անդամներ կարող են հնչեցնել ոչ ակտուալ մի հարց' ինչո՞ւ է Սահմանադրությունը շնորհավորում մի մարդ, ով նախագահական ընտրությունների օրը խախտեց այն: Սակայն նման եզրակացություններ կարելի է անել այն դեպքում, եթե Սահմանադրությունը կարդում ենք տառացիորեն, մակերեսային: Սա ձեզ համար «Օլիմպիական Հայաստան» գիրքը չէ (հեղինակ' Գագիկ Ծառուկյան), ուր ամեն ինչ այնքան միանշանակ է: Այո՛, Սահմանադրության մեջ գրված է՝ «ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին»: Կամ' «Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որին կողմ է քվեարկել բոլոր թեկնածուներին կողմ քվեարկած ընտրողների կեսից ավելին»: Իրականում' Սահմանադրությունը' ինչպես Աստվածաշունչը, տարբեր ինտերպրետացիաներ ունի: Եթե «ժողովուրդ» ոչինչ չասող բառը փոխարինենք «նախագահ»-ով, ամեն ինչ կընկնի իր տեղը' «Մեր երկրում իշխանությունը պատկանում է նախագահին»: Հետո արդեն' նախագահի կողմից ընտրվում են մյուսները: Այդ մյուսներին նախագահը կարող է հրապարակային դիտողություն անել, զայրանալ, «դու»-ով դիմել: Մյուսների սահմանադրական պարտականությունն է' հասցնել գրառել նախագահի մտքերը և ամաչել… Իսկ իրականում' մեր երկրում լեգիտիմության խնդիր կա: Եվ այդ խնդիրն ունի անգամ երկրի հիմնական օրենքը' Սահմանադրությունը: Մեր երկրի նախագահներն ապավինում են Սահմանադրության տառին՝ այն առումով, որ նույնությամբ կրկնում են Սահմանադրության կենսագրությունը: Քվեարկելու իրավունք ունեցողների մեծամասնությունը Սահմանադրությանը, ապա նաև' Սահմանադրության բարեփոխված տարբերակին դեմ է քվեարկել, իսկ Սահմանադրությունն ընդունվել է: Խնդիրն ամենևին Սահմանադրության բովանդակությունը չէ: Սահմանադրությունից թե՛ հայերս, թե՛ ամերիկացիներն ու եվրոպացիները, լավագույն դեպքում, բերանացի հիշում ենք մի քանի տող' իշխանությունը պատկանում է ժողովրդին, մարդն ունի ապրելու, ազատ տեղաշարժվելու իրավունք: Մյուս կետերն արդեն հիշելու համար պիտի ձեռքդ առնես բարալիկ այդ բրոշյուրը: Թվում է' այնքան էլ անհետաքրքիր գրքույկ չէ, շատ ճշմարտություններ կան: Սակայն ինչո՞ւ է ՀՀ Սահմանադրության ընդունման հանրաքվեի պատմությունն այդքան անառողջ: ՀՀ գործող Սահմանադրությունն ընդունվել է 1995 թ. հուլիսի 5-ին' հանրաքվեի միջոցով: 2003թ. փորձ արվեց Սահմանադրությունը ներկայացնել նոր' բարեփոխված տարբերակով: Սակայն հանրաքվեն տապալվել է: Ըստ «Հանրաքվեի մասին» օրենքի' սահմանադրական փոփոխությունների ընդունման համար անհրաժեշտ է քաղաքացիների ընդհանուր թվի մեկ երրորդի հավանությունը: Սակայն հանրաքվեն տապալվեց, քանի որ հանրաքվեին մասնակցեց ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 51, 9 տոկոսը. մասնակցած 1. 215.908 ընտրողից «կողմ» էր քվեարկել 559.687 ընտրող, «դեմ»' 552 257 ընտրող: 2005 թ. նոյեմբերի 27-ին հանրաքվեի ներկայացվեց, ասենք այսպես, բարեփոխված տարբերակը: Ըստ ԿԸՀ պաշտոնական տվյալների' սահմանադրական բարեփոխումների հանրահավաքին մասնակցել է ընտրողների (2.317.462) 65,3 տոկոսը' 1.514.545 քաղաքացի, որոնցից 1.411.711-ն «այո» է ասել Սահմանադրական բարեփոխումներին: Այսինքն' հանրաքվեն տեղի է ունեցել: Իրականությունը լրիվ այլ է: Եվ այս դեպքում էական է հասկանալ, թե ինչո՞ւ են ընտրողները բոյկոտել կամ «ոչ» ասել բարեփոխված Սահմանադրությանը: Ընտրողները «ոչ» են ասել այն Սահմանադրությանը, որը գուցեև ամենալավն է աշխարհում, սակայն որը մեր երկրում չի աշխատում: Այսինքն' իրենց բոյկոտով կամ «ոչ»-ով ՀՀ քաղաքացիները պարզապես արձանագրել են, որ մեր երկրում Սահմանադրություն չկա: Վտանգն այն է, որ մերժելով Սահմանադրության գոյությունը, ոմանք ավտոմատ սկսում են չհավատալ նաև Վեհամոր Ավետարանին…

 

Լիլիթ Ավագյան