Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ երեկոյան ժամը 22:10-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում գտնվող հեռախոսային ալեհավաքի աշտարակից սավանով կախված վիճակում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Գաբրիել Աբրիկի Լալազարյանի դին: 168.am-ի տեղեկություններով դեպքը տեղի է ունեցել Ռազմական ոստիկանությունում: Գաբրիել Աբրիկի Լալազարյան ծնվել է 1994 թվականին: Նա բանակ էր զորակոչվել Սիսյանի զինկոմիսարիատից' 2012 թվականի աշնանային զորակոչին: 168.am-ը զինվորի հարազատներից տեղեկացավ, որ նրա ծնողները բնակվում են ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում: Գաբրիելը ծառայել է Արմավիրի զորամասում, որտեղից գործուղվել է ռազմական ոստիկանություն: Մեր աղբյուրները հայտնում են, որ Գաբրիելը հոգեկան խնդիրներ է ունեցել. Արմավիրում ծառայելու ժամանակ նա մեկ անգամ փորձել է ինքնասպան լինել' սայրով կտրելով երակները: Այդ դեպքից հետո նա համապատասխան բուժում է ստացել զինվորական հոսպիտալում և հոգեբուժարանում, ապա կրկին կրկին վերադարձել ծառայության: