Մերձմոսկվայի կառավարության ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուզնեցովը, ում կասկածում են մի քանի միլիարդանոց խարդախության մեջ, ձերբակալվել է Ֆրանսիայում: Ձերբակալության ժամանակ նախկին պաշտոնյայի մոտից առգրավվել է մի քանի կեղծ անձնագիր, հաղորդել է ՌԴ ՆԳՆ մամլո ծառայությունը: Այժմ որոշվում է Կուզնեցովի ռուսական իշխանություններին արտահանձնելու հարցը: Մոտ ժամերին Գլխավոր դատախազությունը Ֆրանսիայի համապատասխան կառույցներին կառաքի նախկին նախարարին հանձնելու վերաբերյալ իր հարցումը: Այդ մասին հաղորդում է «utro.ru»-ն: Կուզնեցովը մեղադրվում է բնակարանային տնտեսության ոլորտին պետբյուջեից հատկացված ավելի քան 3,5 մլրդ ռուբլին խարդախությամբ յուրացնելու մեջ: Նրա հետ միասին այդ գործում ընդգրկված են նաև նրա նախկին առաջին տեղակալ՝ Վալերի Նոսովը, «Ռուսական ինովացիոն խումբ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Կոտլյարենկոն և «Վստահության մոսկովյան ընկերություն» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Վլադիսլավ Տելեպնյովը: Կուզնեցովը փախուստի մեջ էր 2008թ.-ի նոյեմբերից: Ընդ որում հարուցված քրեական գործի ընթացքում պարզվեց, որ նա ունի ամերիկյան անձնագիր և դա այն դեպքում, երբ պաշտոնյաներին արգելված է երկքաղաքացու կարգավիճակ ունենալ: Նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել 2010թ.-ին: 2011թ.-ի մայիսին Մոսկվայի Բասմանյան շրջանի դատարանը Ալեքսեյ Կուզնեցովին հեռակա կարգով ձերբակալելու դատավճիռ կայացրեց: