Այսօրվանից՝ հուլիսի 7-ից, ՀՀ քաղաքացիներին մատակարարվող գազի և էլեկտրաէներգիայի սակագներիի փոփոխությունները կմտնեն ուժի մեջ:

1 կվ ժամ էլեկտրաէներգիան Հայաստանի բնակչության համար թանկացավ 8 դրամով՝ 30 դրամից դարձավ 38 դրամ, իսկ գազի նոր սակագինը՝ 156 դրամ յուրաքանչյուր խորանարդ մետրի դիմաց: Մինչև այդ գործող սակագինը 132 դրամ էր:

Հունիսի 7-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում կայացած նիստում քննարկվել էին բնական գազի, էլեկտրական էներգիայի սակագների սահմանման մասին հարցերը:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, քննարկելով վերը նշված հարցերը' որոշել է

«ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող բնական գազի համար սահմանել հետևյալ սակագները.

1. Ամսական մինչև 10,0 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին վաճառվող բնական գազի սակագինը՝ 156 000 դրամ՝ սպառված յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ-ն),

2. Ամսական 10,0 հազար խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող սպառողներին վաճառվող բնական գազի սակագինը' 276.98 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ' սպառված յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ-ն)։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագները.

1. 0,38 կՎ լարմամբ սնվող սպառողներին (այդ թվում՝ բնակիչ-բաժանորդներին) վաճառվող էլեկտրական էներգիայի ցերեկային սակագինը՝ 38 դրամ/կվտժ (ներառյալ ԱԱՀ-ն) և գիշերային սակագինը՝ 28 դրամ/կվտժ (ներառյալ ԱԱՀ-ն),

2. 6(10) կՎ լարմամբ սնվող սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի ցերեկային սակագինը՝ 35 դրամ/կվտժ (ներառյալ ԱԱՀ-ն) և գիշերային սակագինը՝ 25 դրամ/կվտժ (ներառյալ ԱԱՀ-ն),

3. 35 կՎ և բարձր լարմամբ սնվող սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի ցերեկային սակագինը՝ 29 դրամ/կվտժ (ներառյալ ԱԱՀ-ն) և գիշերային սակագինը՝ 25 դրամ/կվտժ (ներառյալ ԱԱՀ-ն):