Lragir.am. Տեղեկություն է հրապարակվել, թե Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ցանկանում է հեռանալ Գորիսից եւ վաճառքի է հանել իր առանձնատունը: Սյունիքում մնալն իսկապես խնդրահարույց է նախկին մարզպետի համար, եւ ոչ միայն իր տան մոտ տեղի ունեցած ողբերգության պատճառով, երբ նրա որդին կրակել էր, ծանր վիրավորվել էր զորամասի հրամանատար Արտակ Բուդաղյանը, իսկ նրա եղբայրը՝ զոհվել:
Մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան Սուրիկ Խաչատրյանի եւ նրա գերդաստանի գործունեության մասին, որոնք տարբեր կարգի հանցագործությունների «հանրագիտարան» են՝ սպանություններից մինչեւ պաշտոնեական դիրքի չարաշահումներ: Սուրիկ Խաչատրյանն ու նրա մերձավորներն այնքան վնասներ են հասցրել իր հայրենակիցներին, որ ներկայում, երբ զրկվել է իր լծակներից, նրա ու նրա հարազատների անվտանգությունը դառնում է լուրջ խնդիր:
Տասնյակ տարիներ Սուրիկ Խաչատրյանն ասպատակել է Սյունիքը, մնալով անպատիժ: Ներկայում էլ, իշխանությունն ամեն ինչ անում է նրան չպատժելու համար. նրա որդին ներկայում բանտում է, սակայն նախաքննությունը մտադիր է նվազագույնի հասցնել պատիժը: Նրան ընդհանրապես ազատ կարձակեին, եթե տուժող կողմը չլիներ զորավոր, եւ ավելին՝ բանակի կարեւոր դեմքերից մեկը, ինչը կարող է նաեւ անկանխատեսելի իրավիճակներ ստեղծել:
Այսպես է եղել տարիներ շարունակ, քանի դեռ տուժող կողմը եղել են «շարքային» քաղաքացիները: Մյուս կողմից, զարմանալի է, որ սյունեցիները, որոնք հպարտ ու քաջ ժողովուրդ են, հանդուրժել են այս ամենը: Հանդուրժել են մինչեւ այնքան ժամանակ, երբ Լիսկայի շեղբը դեմ է ընկել քարին: Իսկ մինչ այդ՝ հասցրել է խեղել տասնյակ ճակատագրեր, նվաստացնել մի ողջ ժողովուրդ:
Փոխարենը, Սուրիկ Խաչատրյանը լավ է հասկացել Հայաստանի իշխանության էությունը, եւ դրա շնորհիվ իսկական ոսկեդար ապրել: Նա լավ է հասկացել նաեւ երեւանյան «քաղաքականության» էությունը: Իշխանությանը նա մատուցել է ծառայություն, դրա փոխարեն ստանալով մարզը որպես «զոնա», որտեղ ամեն ինչ թույլատրելի է եղել՝ անպատիժ մնալու երաշխիքներով:
Սերժ Սարգսյանը նրան շնորհել է նաեւ Մարտական խաչ՝ գրեթե հերոս, իբր պատերազմի ժամանակ ունեցած վաստակի համար: Իսկ պատերազմը թե Լիսկայի, թե իր նման շատ-շատերի համար եղել է շանս, երկնային մանանա. մինչ մարդիկ կռվում էին ճակատում, նրանք զբաղված էին թալանով եւ ապագա իրենց դիրքերի համար «կենսագրություն» եւ ունեցվածք կերտելով: Նորմալ երկրում, Սուրիկ Խաչատրյանը պետք է ստանար ոչ թե Մարտական խաչ, այլ կանգներ ռազմական տրիբունալի առջեւ՝ Հորադիզում գումարտակը լքելու եւ հարյուրավոր զինվորների մահվան համար:
Գյումրիի երկարամյա քաղաքապետ Վարդան Ղուկասյանը եւս իր պաշտոնից զրկվեց այն ժամանակ, երբ նրա շեղբը դեմ առավ քարին. նրա մերձավորները սպանեցին Գյումրիի հայտնի ընտանիքի անդամին: Մինչ այդ, Վարդանիկի հարազատներն ու շրջապատը Լիսկայի գերդաստանին չեն զիջել հանցագործությունների բնույթով ու քանակով, մշտապես մնալով անպատիժ: Վարդան Ղուկասյանի գերդաստանի շուրջ առատ արյուն է՝ սկսած հարազատներից, վերջացրած անմեղ մարդկանցով: Նա էլ, Լիսկայի պես, պատերազմի մեջ տեսավ իր շանսը. մինչ Գյումրիում ջոկատներ էին կազմում եւ ուղարկում ճակատ, Վարդան Ղուկասյանն ասպատակում էր քաղաքը՝ իր ապագա «կենսագրությունն» ու դիրքերը ստեղծելու համար կուտակելով «նախնական կապիտալ» եւ արանքից հանելով մրցակիցներին:
Նա պարբերաբար հղում էր անում Աստծուն, եւ որքան շատ, այնքան ավելի արյուն էր թափվում: Երեւի պատիժ էր, որ մահափորձից հետո կենդանի մնա ու տեսնի այդ արյունը:
Հպարտ ու թասիբով գյումրեցիները նույնպես հանդուրժել են այս ամենը:
Ի տարբերություն Լիսկայի, Վարդան Ղուկասյանը մտադիր չէ հեռանալ Գյումրիից: Նա այսօր էլ հարցազրույցներ է տալիս, սպառնում բոլորին եւ ընդհանրապես «կայֆավատ» լինում, ինչպես կասեին գյումրեցիները:
Ինչպե՞ս է պատահում, որ պետությունը դառնում է Լիսկայի, Վարդանիկի եւ նմանների պատանդը, երբ պետության, ժողովրդի ներկան ու ապագան կախման մեջ են ընկնում նմանների բարդույթներից ու անձնական խնդիրներից: Ինչո՞ւ Հայաստանի այսպես կոչված իշխանության խնդիրը ոչ թե հանրային-պետական կյանքն է, այլ լիսկաների, վարդանիկների եւ նմանների անձնական խնդիրները լուծելը: Թերեւս, մի պարզ պատճառով՝ իրական իշխանությունը լիսկաներն են, վարդանիկները, իսկ պետական ինստիտուտները, այդ թվում նախագահականը՝ նրանց սպասարկող մարմիններ: Նրանց անձնական խնդիրները վեր են պետական խնդիրներից:
Սովորաբար, երբ մարդիկ խնդիր են դառնում պետության ու հանրության համար, երբ «նրանց մոտ թղթերով ամեն ինչ կարգին» է լինում, երկու ճանապարհ է լինում՝ կամ հանրությունն է լուծում նմանների խնդիրը, կամ համապատասխան մարմինները: Դա համաշխարհային պրակտիկա է, այլ մեթոդ չկա:
Հայաստանի հանրությունն առայժմ ընդունակ չէ դրան: Իսկ իշխանությունը զբաղված է հակառակով:  

Հայկ Արամյան