Երևանում հակահայկական իր սկանդալային ելույթով աչքի ընկած Մոլդովայի օմբուդսմեն Աուրելիա Գրիգորիուն կանգնած է Մոլդովայի պատգամավորների աջակցությունը կորցնելու վտանգի առջև: Խորհրդարանի խոսնակ Գոր Կորմանը այսօր հայտարարել է, որ Գրիգորիուն վնաս է հասցրել իրենց երկրի հեղինակությանը, և որ նրա գործը պետք է քննի մարդու իրավունքների հարցերով խորհրդարանական հանձնաժողովը:

«Ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ նման հայտարարություններ, որոնք վնաս են հասցնում Մոլդովայի հանրապետության հեղինակությանը: Սա լուրջ սխալ էր: Նման բան չպետք է տեղի ունենար: Ստեղծված իրավիճակում նորմալ է, որ մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովը լսման հրավիրի տիկին Աուրելիային: Նա պետք է արտահայտի իր կարծիքը տեղի ունեցածի կապակցությամբ»,-հայտարարել է Կորմանը. մեջբերում է Moldnews-ը:

Կորմանը սխալ է համարել Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ Աուրելիա Գրիգորիուի թույլ տված հայտարարությունը: «Սա Հայաստանի և Ադրբեջանի միջև հին հակամարտություն է, և այդ երկու երկրների հետ էլ պետք է լավ հարաբերություններ պահպանել: Ուստի, ես բացահայտ ասում եմ, որ սխալ քայլ է տեղի ունեցել, կոպիտ սխալ, որը չպետք է տեղի ունենար»,-ասել է խոսնակը:

Նա նշել է, որ տիկին Աուրելիան հանդես է գալու մամլո խորհրդակցությամբ և կարտահայտի իր կարծիքը:

Հիշեցնենք, որ Մոլդովայի օմբուդսմեն Աուրելիա Գրիգորիուն Երևանում միջազգային խորհրդաժողովի շրջանակներում ունեցած ելույթում, անդրադառնալով հայ-ադրբեջանական սառեցված հակամարտությանը, Հայաստանի խորհրդարանում հանդես էր եկել իրականությանը չհամապատասխանող հայտարարությամբ և նշել, որ «Հայաստանը գրավել է Ադրբեջանի տարածքների 20 տոկոսը՝ ադրբեջանցիների նկատմամբ իրականացնելով ցեղասպանություն»: