2013թ. հուլիսի 4–ին Կոնգրեսի ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Դավիթ Քիրամիջյանի և Սարգիս Գևորգյանի գործն ուղարկվել է Վերաքննիչ դատարան։ Այս մասին մեր թղթակցի հետ զրույցում ասաց Կոնգրեսի հանրային միջոցառումների կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արեգ Գևորգյանը:

Վերջինս նշեց, որ Վերաքննիչ դատարանը պարտավոր է 15-օրյա ժամկետում, կամ անհրաժեշտության դեպքում ևս 10 օր ավելացնելով, առավելագույնը 25 օրվա ընթացքում նշանակել դատական նիստի օրը և դատավորներին:

Հիշեցնենք, որ 2013-ի մայիսի 8-ին Վճռաբեկ դատարանը վճռեց ՀԱԿ ակտիվիստների գործը ուղարկել Վերաքննիչ դատարան՝ նոր քննության:

Հիշեցնենք նաև, որ 2011թ.-ի օգոստոսի 9-ին բախում էր եղել ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստների և ոստիկանների միջև։ Ոստիկանները 7 ակտիվիստի բերման էին ենթարկել ոստիկանության Կենտրոնականի բաժին և քրգործ հարուցել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, ինչպես նաև խուլիգանության մեղադրանքով։ Ակտիվիստների պնդմամբ, ոստիկանները դաժան ծեծի են ենթարկել իրենց։

Հուլիսի 20-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 6 տարվա ազատազրկման էր դատապարտել Տիգրան Առաքելյանին, 3 տարվա՝ Արտակ Կարապետյանին, և երկուական տարվա՝ Սարգիս Գևորգյանին ու Դավիթ Քիրամիջյանին։

ՀԱԿ ակտիվիստների ազատազրկման դատավճիռը բողոքարկվեց Վերաքննիչ քրեական դատարանում, սակայն դատարանը օրինական ուժի մեջ թողեց Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ կայացված հուլիսի 20-ի դատավճիռը, որով ամբաստանյալները դատապարտվել էին 2-6 տարվա ազատազրկման։

Քաղբանտարկյալների գործով դեկտեմբերի 13-ին դիմում է ներկայացվել Վճռաբեկ դատարան։

Վճռաբեկ դատարանն այս դիմումը վարույթ ընդունելու կամ մերժելու որոշումը պետք է կայացներ մինչև հունվարի 27-ը։ Սակայն ՀՀ Վճռաբեկ դատարանը, կայացրած որոշմամբ, վերադարձրել է Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների նկատմամբ կայացված
դատավճռի դեմ բերված բողոքը: Դատարանը ներկայացված բողոքում թերություններ է հայտնաբերել: Վճռաբեկը 20-օրյա ժամկետ էր հատկացրել բողոքում հայտնաբերված թերությունները շտկելու և այն կրկին դատարան ներկայացնելու համար:

Գործով կրկին դիմում էր ներկայացվել Վճռաբեկ դատարան: