Շիրակի մարզի Կարմրաքար գյուղի գյուղապետ Գագիկ Վահրադյանը հրաժարական է տվել:

Այս փաստը արձանագրվել է համայնքի ավագանու 03.06.2013թ. նիստի արձանագրությամբ և ներկայացվել ՀՀ կառավարության հաստատմանը:

Գյուղապետի հրաժարականն ընդունելու հարցը ներառված է գործադրի հուլիսի 10-ի նիստի օրակարգում:

Ի դեպ, Կարմրաքարը հայաստանյան այն գյուղերից է, որոնք պաշտոնապես հայտարարվել են աղքատ համայնքներ:

Ընդամենը 38 ընտրող ունեցող այս համայնքի ղեկավարը հայտնի է իր ընդդիմադիր հայացքներով, նա ՀԱԿ անդամ է, և 2012թ-ի խորհրդարանական ընտրություններում հենց այս քաղաքական ուժն էր հաղթանակ տարել Կարմրաքարում:

Ինչ վերաբերում է ընդդիմադիր գյուղապետի հրաժարականի հիմնավորմանը, կառավարության որոշման նախագծում գրված է. «ՀՀ կառավարության որոշման ընդունումը պայմանավորված է վերոհիշյալ համայնքի ղեկավար Գագիկ Վահրադյանի' անձնական բնույթի խնդիրների առաջացման հիմնավորմամբ հրաժարական տալու հանգամանքով»:

Կառավարության կողմից գյուղապետի հրաժարականն ընդունելու դեպքում որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 40-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը Շիրակի մարզի Կարմրաքար գյուղում կանցկացվեն գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ: