Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության նախկին պետ Տիգրան Վիրաբյանը ձերբակալվել է։ Նա կասկածվում է առանձնապես խոշոր չափերով հափշտակության մեջ։ Տ.Վիրաբյանը ձերբակալվել է հուլիսի 9-ին։ Ինչպես ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել էր, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 2013 թվականի հունիսի 21-ին հարուցվել են քրեական գործեր՝ ՀՀ կառավարության' 2012-2013թթ. մի շարք որոշումներով հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելանյութ և ազոտական պարարտանյութ տրամադրելու գործընթացում Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի և Շիրակի մարզպետարանների պաշտոնատար անձանց կողմից կատարված յուրացման, պաշտոնեական կեղծիքի և պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքերի առթիվ, որոնք միացվել են մեկ վարույթում։ Նշված գործին է միացվել նաեւ Վայոց ձորի մարզպետարանում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։