ՀՀ քաղաքացի Արկադի Պապյանը Հայաստանում դատապարտվել է Ռուսաստանում հանցավոր աշխարհում հեղինակություն ունեցող Ի.Նիկինովին սպանելու համար։ Վերջինս լուրջ հակակրանք ու հակասություններ ուներ հայազգի անձանց նկատմամբ, բռնություններ և ճնշումներ էր գործադրում եւ Պապյանը նրան հանդիպել էր լարվածությունը մեղմելու նպատակով, բայց այն բոլորովին այլ ելք ունեցավ։ ՌԴ-ում կատարած դիտավորյալ սպանության համար ՀՀ քաղաքացի Արկադի Պապյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1–ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ համապատասխանաբար՝ սպանություն և ապօրինի զենք: Առաջադրված մեղադրանքներում ամբաստանյալ Ա.Պապյանն իրեն մեղավոր չի ճանաչել և օգտվելով իր քրեադատավարական իրավունքից, հրաժարվել դատարանում ցուցմունքներ տալ: Երևանի Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների դատարանում հրապարակվեց Արկադի Պապյանի նախաքննական ցուցմունքը: Ըստ այդմ, 2007թ. դեկտեմբեր ամսին գտնվել է ՌԴ Կեմերովոյի մարզում, տուժող Ի.Նիկինովին անձամբ չի ճանաչել, սակայն տեղյակ է եղել, որ վերջինս հանցավոր աշխարհում հանդիսանում է հեղինակություն ունեցող անձ և լուրջ հակակրանք ու հակասություններ ունի հայազգի անձանց նկատմամբ: Վերջինիս կողմից բազմաթիվ բռնություններ և ճնշումներ են եղել հայ ազգի նկատմամբ: Ստեղծված լարվածությունը մեղմելու, հայերի նկատմամբ բռնություններին վերջ դնելու նպատակով ինքը ցանկացել է հանդիպել Ի.Նիկոնովին և ընդհանուր հայտարարի գալ: Այդ նպատակով, իմանալով Ի.Նիկոնովի գտնվելու վայրը, 2007թ. դեկտեմբերի 15–ին ժամը 02–ի սահմաներում գնացել է նրան հանդիպելու: Նախկինում ինքը Ի.Նիկոնովին մեկ անգամ է տեսել և դեմքով ճանաչել է: Մտնելով գիշերային ակումբ՝ տեսել է, որ նա կանգնած է բարի մոտ: Մոտեցել է նրան, ներկայացել որպես հայ ազգի ներկայացուցիչ, բարձր երաժշտության պատճառով առաջարկել է դուրս գալ և զրուցել: Վերջինս իմանալով, որ ինքը հայ է, հրել է մի կողմ և հայհոյել: Ինքը Ի.Նիկոնովին նորից ասել է, որ չի եկել նրա հետ վիճաբանելու, այլ եկել է հանգիստ զրուցելու' կրկին առաջարկելով միասին դուրս գալ բարից: Ի.Նիկոնովն ավելի է բորբոքվել և ինքը չի հիշում, թե նա որտեղից է հանել զենքը և պահել իր վրա' տալով սպանելու սպառնալիքներ ու հայհոյանքներ: Միաժամանակ, վերջինս փակաղակը հետ է տարել և լիցքավորել ատրճանակը: Տեսնելով, որ իր կյանքին վտանգ է սպառնում, ինքը հեշտությամբ զենքը խլել է Ի.Նիկոնովի ձեռքից և մի քանի անգամ կրակել նրա վրա ու փախել բարից: Չի հիշում, թե քանի անգամ է կրակել, ինչպես է փախել և զենքը որտեղ է գցել: Նիկոնովի մահվան մասին իմացել է դեպքից 10 – 15 օր անց' ընդհանուր խոսակցություններից: Տուժողի մոր՝ Նադեժդա Նիկոնովայի նախաքննական ցուցմունքով, իր որդին բանակում չի ծառայել, սովորել է Կիսիլեսկ քաղաքի կրթարանում որպես էքսկավատորավար, սակայն այն չի ավարտել, նրան նստեցրել են, բայց թե երբ է ազատվել, ինքը չի հիշում: Որդին բարի և արդար մարդ է եղել, չի օգտագործել ոչ ալկոհոլ, ոչ էլ թմրանյութ, այլ ակտիվ սպորտով է զբաղվել: Ինքը ոչինչ չի իմացել այն մասին, որ որդին Կիսիլեսկ քաղաքում քրեական հեղինակություն ունեցող անձ է եղել: Իր գործերից նա ոչինչ չի պատմել, բայց ինքը գիտեր, որ ոստիկանության աշխատակից Վլաչեսլավ Գրիբանովը հետևել է որդուն և կարծում է, որ Գրիբանովը մասնակից է որդու սպանությանը: Տեղյակ է, որ Վ.Գրիբանովը սպանությունից 10 րոպե առաջ նույնպես գտնվել է «Մեմֆիս» գիշերային ակումբում: Ըստ վկա Յուրի Կուդրինի նախաքննական ցուցմունքի, 2007 թվականի դեկտեմբերի 15–ին ժամը 03–ի սահմաններում, ընկերոջ' Ալեքսանդր Սեմյոնովի հետ գտնվել են «Մեմֆիս» գիշերային ակումբում: Սրահում շատ մարդ է եղել, բարձր երաժշտություն, իսկ լուսավորությունը՝մութ: Հանկարծ 5 կրակոց է լսել, թեքվել այդ ուղղությամբ և տեսել, որ սեղաններից մեկի մոտ մի տղամարդ է ընկած գետնին, ում շուրջը արյուն էր, և նա ցնցումների մեջ էր: Դեպի նրան է թեքվել կովկասյան ազգի մի տղամարդ և ատրճանակի կոթով խփել է տուժողի դեմքին, ինչ–որ բաներ ասել: Հետո այդ կովկասցին վեր է կացել, գոռացել ներկաների վրա, որպեսզի ոչ ոք չշարժվի և վազել դեպի մուտքի դռան կողմը: Դրանից հետո, մի քանի հոգի տուժողին տարել են, իսկ իրենք մնացել են ակումբում և շարունակել զվարճանալ: Վկա Ալեքսանդր Սեմյոնովի նախաքննական ցուցմունքով, 2007թվականի դեկտեմբերի 14–ին ժամը 23–ի սահմաններում, ինքն ընկերոջ' Յուրի Կուդրինի հետ միասին գնացել են «Մեմֆիս» գիշերային ակումբ: Ժամը 03–ի սահմաններում ակումբի մուտքի մոտից բարձր ձայներ է լսել: Նայելով այդ կողմ տեսել է, որ իրեն անծանոթ մի տղամարդ մեջքով պառկած է գետնին, իսկ կովկասյան ազգի մեկ այլ տղամարդ թեքվել էր ընկածի կողմը: Վերջինիս ձեռքին ատրճանակ է եղել, ինչ–որ բան է ասել գետնին ընկածին, որից հետո այդ տղամարդը, իր հիշելով կրկին կրակել է գետնին ընկածի վրա, գոռացել, որ ոչ ոք չշարժվի և դուրս վազել սրահից: Ըստ վկա Անտոն Երեմեևի նախաքննական ցուցմունքի, 2007թ. դեկտեմբերի լույս 15–ի գիշերը, մոտավորապես ժամը 03–ին ընկերոջ' Անդրեյ Գնեզդիլովի հետ գտնվել է «Մեմֆիս» սրճարանում: Այդ ժամանակ ակումբ են ներս մտել մոտ 3– 5 տղամարդ, նրանցից մի քանիսը եղել են կովկասյան ազգի: Քիչ անց ինքը ձայներ է լսել, թեքվել ձայների ուղղությամբ և տեսել, որ այդ տղաները ոտքերով հարվածում են գետնին ընկած տղամարդուն: Հետո այդ տղաները գնացել են, մնացել է նրանցից մեկը, հանել է ատրճանակը և շատ մոտ տարածությունից 5–8 անգամ կրակել գետնին ընկածի վրա: Հետո գոռացել է, որ բոլորը մնան իրենց տեղերում և դուրս վազել սրահից: Ինքը տեսել է, որ այն տղամարդը, որին ծեծել են և կրակել, Իգոր Նիկոնովն է: Հետո Ի.Նիկոնովին տեղափոխել են հիվանդանոց, սակայն քիչ հետո ակումբի խոսակցություններից հասկացել է, որ վերջինս հիվանդանոցում մահացել է: Վկա Անդրեյ Գնեզդիլովի նախաքննական ցուցմունքով, 2007թվականի դեկտեմբերի 15–ին ժամը 01–ին ընկերոջ'Անտոն Երեմեևի հետ գնացել են «Մեմֆիս» գիշերային ակումբ, որտեղ ընկերների հետ նստած տեսել է Իգոր Նիկոնովին՝ նրան ճանաչել է, սակայն անձամբ ծանոթ չի եղել: Մոտավորապես ժամը 03–04–ի սահմաններում սրահ են մտել կովկասյան ազգի 5 տղամարդիկ, հնարավոր է ավելի շատ կամ քիչ: Վերջիններս վազել են 1–ին սեղանի մոտ, գետնին գցել Ի.Նիկոնովին և ծեծել: Այնուհետև բոլորը գնացել են դեպի ելքը, իսկ մեկ տղամարդ մնացել է, թեքվել դեպի Ի.Նիկոնովը և այդ պահին լսվել է 7 կրակոցի ձայն: Հետո կովկասյան ազգի տղամարդը վեր է կացել և գոռացել, որ նրան ոչ ոք չմոտենա, նորից կրակել Ի.Նիկոնովի վրա և վազելով հեռացել: Իրենք մի քանի տղաներով Ի.Նիկոնովին հանել են դուրս, նստեցրել Մհեր Պողոսյանի ավտոմեքենան, որն էլ վերջինիս տեղափոխել է հիվանդանոց: Վկա Ելենա Շիբաևան իր նախաքննական ցուցմունքում նշել է, որ 2007թ. դեկտեմբերի 15–ին ժամը 01–ի սահմաններում, գնացել է «Մեմֆիս» ակումբ: Ինքը ծանոթացել է Յուրայի ու Սաշայի հետ և նրանց հետ նստել գարեջուր խմելու: Հանկարծ իր հետևի կողմից բարձր ձայներ է լսել, թեքվել և տեսել է, որ առաջին սեղանի մոտ գետնին է ընկած անծանոթ մի տղամարդ, որի գլխի մոտ արյուն է եղել: Գետնին ընկածին թեքված է եղել կովկասյան ազգի մի տղամարդ, որը կրկին կրակել է ընկածի վրա: Ինքը շրջվել է և այլևս ուշադրություն չի դարձրել, քիչ անց նկատել է, որ վիրավորին տարել են սրահից: Վկա Նատալյա Սմակոտինան նախաքննության ընթացքում նշել էր, որ աշխատում է «Մեմֆիս» ակումբում որպես բարմենուհի:Ժամը 24–ին ակումբ է եկել հեղինակություն համարվող Իգոր Նիկոնովը, ժամը 03–ին ինքը տեսել է, որ բար են մտել 5 –10 տղամարդիկ, միանգամից գնացել է Ի.Նիկոնովի սեղանի մոտ, շրջապատել նրան, որից հետո ջարդվող ապակու ձայներ և գոռոցներ են լսվել, ինքը հասկացել է, որ վերջիններս ծեծում են Ի.Նիկոնովին: Ինքը չի տեսել, թե դա ինչպես է տեղի ունենում, քանի որ եկածները շրջապատել են այդ վայրը: Լսվել են մի քանի բարձր կրակոցներ, որից հետո այդ տղաները հեռացել են: Ի.Նիկոնովին ինչ–որ մեկի ավտոմեքենայով տեղափոխել են հիվանդանոց: Վկա Իվան Կոշկինի նախաքննական ցուցմունքով, 2007թ. դեկտեմբերի 14–ին ժամը 24–ի սահմաններում գնացել է «Մեմֆիս» գիշերային ակումբ: Ժամը 02.10–ին ինքը դուրս է եկել ակումբից և 5 րոպե անց վերադառնալով, տեսել է ֆոյեում նստած Ի.Նիկոնովին: Մոտ 10 – 15 րոպե անց ինքը կրակոցներ է լսել, շրջվել այդ ուղղությամբ և տեսել Արկադի Պապյանին: Ինքը վերջինիս ձեռքին տեսել է ատրճանակի նման առարկա: Ա.Պապյանը կրակել է Ի.Նիկոնովի վրա, այնուհետև ատրճանակով հարվածել վերջինիս գլխին և անմիջապես փախել սրահից: Վկա Ելենա Վոլկովան նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել առ այն, որ մոտ 10 տարի քաղաքացիական ամուսնությամբ բնակվել է Իգոր Նիկոնովի հետ և ունեցել են երկու դուստր' 3 և 8 տարեկան: Ինքը տեղյակ չի եղել, որ ամուսինը քրեական աշխարհում հեղինակություն է եղել, նա շատ լավ և բարի մարդ է եղել, սիրել է իր երեխաներին: 2007թ. դեկտեմբերի 14–ին ժամը 19–ից հետո ամուսինը գնացել է տանից, սակայն հաճախակի զանգահարել է, քանի որ երեխան հիվանդ էր և հայտնել, որ տան մոտակայքում է լինելու,սակայն կոնկրետ որտեղ չի ասել:Նա գիշերը երկու անգամ տուն է եկել և այդ ընթացքում նրա բջջային հեռախոսահամարին ինչ-որ մեկը զանգահարել է, սակայն ամուսինը բարկացել է և ասել է, որ չի կարող խոսել, պահանջել որպեսզի իրեն չանհանգստացնեն, քանի որ դուստրը հիվանդ է: Դրանից հետո ամուսինը կրկին գնացել է տանից՝ չասելով, թե ուր է գնում, սակայն ինքը հասկացել է, որ կարճ ժամանակով է գնում: Իրեն ոչինչ հայտնի չէ ամուսնու գործերից հայկական սփյուռքի հետ և այն, որ նա ինչ-որ կոնֆլիկտ է ունեցել նրանց հետ: Ամուսինը իրեն չի պատմել սպառնալիքների մասին: 2007թ. հոկտեմբեր ամսին ամուսինը իրեն խնդրել էր զգուշանալ՝ հայտնելով, որ իրեն հետևում են, սակայն ով և ինչ պատճառով, չի ասել: Ինքը չգիտի, թե ով և ինչի համար է սպանել ամուսնուն, նա անձնական վարորդ և թիկնապահ չի ունեցել: Վկա Ալեքսանդր Դավիդկովի նախաքննական ցուցմունքի համաձայն, դեպքի ժամանակ ինքը գտնվել է սրճարանում: Այնուհետև սրճարան է եկել Արկադի Պապյանը և երկու հայեր: Ա.Պապյանը մոտեցել է բարի սեղանի մոտ նստած Ի.Նիկոնովին: Ինքը տեղյակ չէ, թե նրանք ինչ են խոսել: Տեսել է, որ վերջիններս մի քանի անգամ բռունցքներով հարվածել են միմյանց, այնուհետև Ա.Պապյանը սկսել է կրակել Ի.Նիկոնովի վրա: Ինքը չի տեսել, որ Ի.Նիկոնովն ատրճանակ է պահել կամ Ա.Պապյանը նրանից խլել է ատրճանակը: Կրակոցներից հետո Ա.Պապյանը ատրճանակի բռնակով հարվածել է Ի.Նիկոնովի գլխին: Նախաքննության ընթացքում նույնաբովանդակ ցուցմունքներ են տվել նաև վկաներ Նադեժդա Մարկովան, Վլադիմիր Սենեկոսը, Դենիս Կոլոմեցը, Եկատերինա Տիտովան, Ալեքսանդր Կապիտոնովը, Օլգա Մոռոզը և Ստեփան Ալիխանյանը, որոնք դատաքննության ընթացքում հրապարակվել են: Ըստ դատարանի կողմից հետազոտված դատաբժշկական փորձաքննության 20.02.2008թ. եզրակացության, Ի.Նիկոնովի մահը վրա է հասել զանգվածային արյան կորստից, որը զարգացել է նրան պատճառված մարմնի վերին և ստորին վերջույթների բազմաթիվ /6/ գնդակային վնասվածքների հետևանքով: Վնասվածքները պատճառվել են մահվան վրա հասնելուց քիչ առաջ, բարդացել են զանգվածային արյան կորստի զարգացմամբ և իրենց համակցությամբ որակվում են որպես կյանքի համար վտանգավոր և առողջությանը ծանր վնաս հասցնող: Ըստ դատաձգաբանական համալիր փորձաքննության եզրակացության, փորձաքննությանը ներկայացված ատրճանակը համարվում է ակոսավոր հրազեն: Ատրճանակը ինքնաշեն կերպով փոխվել է ԻԺ-79 մոդելի գազային ատրճանակի փողի փոխարինմամբ, փամփուշտային հենակի ներտաշումով: Ներկայացված ատրճանակը պիտանի է 9մմ տրամաչափի ատրճանակի փամփուշտով կրակելու համար, որոնք նախատեսված են ՊՄ ատրճանակներից կրակելու համար: Դեպքի վայրից առգրավված 3 պարկուճները կրակված են նշված ատրճանակից: Ի.Նիկոնովի դիակից հանված 1 գնդակը և դեպքի վայրից առգրավված 2 գնդակները հավանաբար կրակվել են ներկայացված ատրճանակից: Ներկայացված սվիտերի վրա կան հրազենային վնասվածքներ, որոնք առաջացել են 19-75 սմ հեռավորությունից արձակված կրակոցի արդյունքում /պայմանով, որ նշված վնասվածքներն առաջացել են ներկայացված ատրճանակից արձակված կրակոցների հետևանքով/: Նշված վնասվածքները կարող էին առաջանալ 9մմ տրամաչափի գնդակներով: Դատարանում հետազոտվել են նաև դեպքի վայրը զննության ենթարկելու մասին 15.12.2007թ. և 26.12.2007թ. արձանագրությունները, դիակի զննության արձանագրությունը, ամբաստանյալ Արկադի Պապյանին լուսանկարով ճանաչման ներկայացնելու արձանագրությունները, համաձայն որի վկաներ Ելենա Շիբաևան և Յուրի Կուդրինը ճանաչել և մատնացույց են արել Ա.Պապյանին: Դատարանը՝ գնահատելով դատաքննությամբ հետազոտված բոլոր ապացույցները, ապացուցված է համարել ամբաստանյալ Արկադի Պապյանի կատարած արարքները, գտել, որ նախաքննական մարմնի կողմից արարքներին տրվել են քրեաիրավական ճիշտ որակումներ, դրանք համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1–ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1–ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներին: Դատարանը համակարծիք չէ ամբաստանյալ Ա.Պապյանի պաշտպան Կ.Աղաջանյանի այն պնդումներին, որ իբրև իր պաշտպանյալ Ա.Պապյանը տուժող Ի.Նիկոնովին սպանելու դիտավորություն չի ունեցել, իսկ դեպքը տեղի է ունեցել տուժողի անօրինական գործողությունների հետևանքով, ուստի իր պաշտպանյալի գործողություններում բացակայում է դիտավորյալ սպանության հանցակազմը և «նրա գործողությունները պետք է դիտվեն ըստ հետևանքի»: Դատարանը գտել է, որ դատական նիստերի տեղի և ժամանակի մասին պատշաճ ձևով ծանուցված, ՌԴ քաղաքացիներ, գործով տուժողի իրավահաջորդի և վկաների դատարան չներկայանալու պայմաններում ամբաստանյալ Ա.Պապյանը և նրա պաշտպան Կ.Աղաջանյանը նպատակ են հետապնդում խեղաթյուրել դեպքի իրական հանգամանքները, բացառել դիտավորյալ գործողությունների իրական փաստը և դրանով իսկ, ինչ –որ ձևով մեղմել կատարած հանցանքների համար նախատեսվող առավել խիստ պատասխանատվությունն ու պատիժը: Դատաքննությամբ ձեռք բերված բոլոր ապացույցները և հետազոտված բոլոր տվյալները վկայում են, ավելին դատարանի մոտ հիմնավոր կարծիք են ձևավորել, որ 2007թ. դեկտեմբերի լույս 15–ին ժամը 02– 04–ն ընկած ժամանակահատվածում, ամբաստանյալ Ա.Պապյանը մի քանի անձանց հետ միասին գնացել է Կիսիլևսկ քաղաքի «Մեմֆիս» գիշերային ակումբ և այնտեղ հանդիպել տուժող Ի.Նիկոնովին: Զրուցելու նպատակով վերջինիս հրավիրել է ակումբից դուրս, սակայն Ի.Նիկոնովը մերժել է Ա.Պապյանի առաջարկը, որից հետո նրանց միջև ծեծկռտուք է սկսվել: Ըստ դատարանի, այդ ընթացքում ամբաստանյալ Ա.Պապյանն իր մոտ ապօրինի կերպով պահվող «ԻԺ–79» տեսակի գազային ատրճանակից' ձևափոխված 9 մմ. տրամաչափի փամփուշտ կրակելու համար նախատեսված ատրճանակի, կյանքից զրկելու հանցավոր դիտավորությամբ 6 անգամ կրակել է վերջինիս մարմնի տարբեր մասերին, միաժամանակ ատրճանակի կոթով մի քանի անգամ հարվածել է Ի.Նիկոնովի դեմքի և գլխի տարբեր մասերին, սպանել նրան և դեպքի վայրից դիմել փախուստի: Այսպիսով, 09-07-2013թ. դատավճռով Արկադի Պապյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1–ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1 –ին մասով նախատեսված հանցանքներում: Նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով Արկադի Պապյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում 8 տարի 6 ամիս ժամկետով: Նշանակված պատժին մասնակիորեն գումարվել է նաև Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 21.02.2012թ. մեկ այլ դատավճռով նշանակված պատժի չկրած մասից 6 ամիս ժամկետով ազատազրկումը և Արկադի Պապյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում 9 տարի ժամկետով: Պատժի տեսակ և չափ նշանակելիս, դատարանը հաշվի է առել, որ Արկադի Պապյանը տվյալ արարքի կատարման պահի դրությամբ դատապարտված չի եղել, չնայած որ արդեն իսկ կատարած է եղել ծանր հանցագործություն, որի համար գտնվել է փախուստի մեջ, նախորդ դատավճռով նշանակված պատժից ունի ազատազրկման ձևով պատժի չկրած մաս, ամուսնացած է, խնամքին ունի երեք անչափահաս երեխաներ, որոնցից երկուսը մինչև 14 տարեկան, 1990–1993թ.թ. մասնակցել է Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան սահմանների համար մղված ինքնապաշտպանական գործողություններին, 1991թ. մարտական գործողությունների ժամանակ, հրետակոծման հետևանքով ստացել է գլխուղեղի տրավմա, մարտական ընկերների, հրամանատարության և երկրապահ կամավորականների միության կողմից բնութագրվում է բացառապես դրականորեն, ՌԴ ռեգիոնալ տարածաշրջանների հայ համայնքների ղեկավարների, ՌԴ-ում հայերի միության նախագահության, ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյանի քաղաքապետի, ՀՀ Տավուշի մարզի մի շարք գյուղական համայնքների և Հայ Առաքելական Եկեղեցու Գուգարաց թեմի հոգևորականների կողմից բնութագրվում է դրականորեն,որի կապակցությամբ նախաքննության ընթացքում բազմաթիվ միջնորդություններ են ներկայացվել Ա.Պապյանին քրեական պատասխանատվության չենթարկելու կամ մեղմ պատիժ նշանակելու համար: