««Վերնիսաժի» բոլոր նկարիչների անունից.

Ինչպես հայտնի է, «Դինամո» հանրապետական մարզադաշտի մոտ ապօրինաբար գործող «քրչի շուկա» կոչված երևույթը բերել տեղավորել են «Վերնիսաժի» նկարների շարքի անմիջապես հարևանությամբ: Այս քայլը իրականացվել է «Վերնիսաժի» տնօրինության և քաղապետարանի աշխատակիցների կողմից, առանց հաշվի առնելու, թե ինչ հետևանքներ է դա թողնելու «Վերնիսաժի» նկարիչների վրա և, իհարկե, «Վերնիսաժի» առանց այն էլ ցածր վարկանիշի վրա:

Ի դեպ, այս ցածր վարկանիշը արհեստականորեն է առաջացել «Վերնիսաժի» տնօրինության անհոգատար և սխալ վերաբերմունքի և քաղաքականության պատճառով, որը երկար տարիներ տարվել է «Վերնիսաժում»:

Իրականում «Վերնիսաժը» հանդիսանում է հայկական ազգային մշակույթի, արվեստների, արհեստների և նաև ժողովրդական բանահյուսության շատ ինքնատիպ կրողը: Միայն այսպիսի «Վերնիսաժ» ունենալով՝ կարող ենք հպարտ լինել և արժանապատիվ կերպով ներկայանալ բոլոր Հայաստանի հյուրերի և, առհասարակ, զբոսաշրջիկների առաջ:

Մենք՝ «Վերնիսաժի» նկարիչներս, միշտ պայքարել ենք այս գաղափարի համար և միշտ բախվել ենք տնօրինության ընդդիմությանը, քանզի նրանք «Վերնիսաժը» գրանցել են և վերաբերվում են որպես ամենասովորական տոնավաճառի և ընդհանրապես մտահոգ չեն, որպեսզի «Վերնիսաժը» լինի մաքուր, զտված և մշակութային վայրին անհարիր երևույթներից զերծ:

Դիմում ենք բոլոր սրտացավ և շահագրգիռ կողմերին՝ լինեն դրանք լրատվամիջոցներ, թե պարզապես Երևանով մտահոգ քաղաքացիներ: Խնդրում ենք բոլորիդ նեցուկ կանգնել և օգնել մեզ այս շատ կարևոր գործում ու պայքարում:

Մենք «Վերնիսաժում» կազմակերպում ենք բողոքի ակցիա այս շաբաթ՝ 13.07.2013 թ.»: