«Կառուցենք անվտանգ և կայուն համայնքներ Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում այսօր Շիրակի մարզում անցկացվել են հերթական ուսումնական խաղ-վարժանքները: 2010 թվականից մարզի 14 գյուղական համայնքներում հիմնվել են կամավորական արագ արձագանքնման խմբեր, որոնց միջև ամեն տարի կայանում է խաղ- մրցույթ: Այսօրվա միջոցառմանը մասնակցել է նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ով պատասխանել է ԳԱԼԱ-ի մի քանի հարցերին:

Երիցյանի կարծիքով՝ կարևոր է, որ համակարգը լավ պատրաստված փրկարարներից բացի ունենա նաև կամավորականներ, ովքեր անհրաժեշտության դեպքում ձեռք կմեկնեն փրկարարներին: Համայնքային արագ արձագանքման խմբերն ահազանգում են համայնքում տեղի ունեցող դեպքերին: Հարցին, թե այսօր որքանո՞վ են պատրաստված իրենք՝ համակարգի ներկայացուցիչները, իրենց ունեցած հմտություններն ինչպե՞ս կգնահատի ինքը՝ նախարարը, ՕԵԿ ներկայացուցիչը պատասխանել է. «Միջազգային կազմակերպություններն են գնահատել և այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը գտնվում է աշխարհի 50 լավագույն նախարարությունների մեջ, և մենք երևի 2013-14 թվականին կլինենք միջազգային կազմակերպության անդամ»: Ու քանի որ գրեթե միշտ տեղի փրկարարները դժգոհում են ոլորտում առկա խնդիրներից, գույքի, կադրերի պակասից ու աշխատավարձի չափից, մեր լրագրողը հարցրել է, թե այդ հարցերը նախարարությունն ինչպե՞ս է պատրաստվում լուծել.

«Գույքի խնդիր բոլորն էլ ունեն, որովհետև այսօր եթե այս գույքը լավն է, վաղը արդեն հնանում է, և դրա համար մեզ շատ հաճախ և´ Կառավարությունն է օգնում, և՛ միջազգային կազմակերպությունների հետ մենք այդ հարցում համագործակցում ենք: Ինչ վերաբերում է կադրերին, կադրերը գալիս են, գնում են, նորերն են գալիս, հները գնում են, բայց իհարկե կադրերի խնդիր ունենք, որովհետև դա ինչ-որ տեղ կապված է նաև աշխատավարձի հետ»:

Այսինքն՝ դուք համամի՞տ եք, որ համակարգում սահմանված աշխատավարձերի չափերը քիչ են և ի՞նչ է արվում այդ ուղղությամբ. նախարարին հարցրել է ԳԱԼԱ-ն. «Իհարկե քիչ է, որովհետև 100-110 հազար կամ 90 հազար դրամը ես գտնում եմ, որ քիչ է, որովհետև մեր տղաներն իրենց կյանքն ու առողջությունը զոհաբերում են, փրկում են մարդկանց, էն մարդկանց, ում չեն ճանաչում, չգիտեն ով է, գտնում եմ, որ մեր Կառավարությունը, մենք էլ մի քիչ կհարստանանք, և մեր աշխատավարձը կբարձրանա»,-նշել է Արմեն Երիցյանը: Որպես նախարար' Դուք գո՞հ եք Ձեր աշխատավարձից, այն հերիքո՞ւմ է անհրաժեշտ ծախսերը հոգալու համար հարցերին նախարարն արձագանքել է. «Ո´չ, ես ստանում եմ 240 հազար դրամ, բայց հիմնականում կարծում եմ, որ մերն էլ կբարձրանա, որովհետև այս տարի նախատեսվում է աշխատավարձի բարձրացում, Կառավարությունն այդ ուղղությամբ աշխատանքներ է տանում, կա նախագահի հանձնարարականը»:

Հերմինե Մկրտչյան