Թուրքիայի ԱԳՆ-ն իր վերաբերմունքն է արտահայտել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի կողմից Թուրքիային ներկայացրած տարածքային հավակնությունների հարցի կապակցությամբ: Ինչպես գրում է APA գործակալությունը, Թուրքիայի ԱԳՆ-ն բացասական արձագանք է տվել Աղվան Հովսեփյանի արած այն հայտարարությանը, թե հայ-թուրքական սահմանը անօրինական ճանապարհով է որոշվել, և Թուրքիան պարտավոր է Հայաստանին վերադարձնել հայկական հողերը, իսկ կանգուն մնացած եկեղեցիների տնօրինությունը հանձնել հայ առաքելական եկեղեցուն, ինչպես նաև փոխհատուցում վճարել ցեղասպանության զոհերի ժառանգներին: Դրանում մասնավորապես ասված է.

«Նման բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձը, ինչպես գլխավոր դատախազն է, հավակնություններ է ներկայացնում Թուրքիայի տարածքային ամբողջականությանը: Այդ դիրքորոշումը հակասում է միջազգային կազմակերպություններ ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի առջև Հայաստանի ստանձնած պարտավորություններին: Ոչ ոք իրավունք չունի Թուրքիայից հող պահանջել». մեջբերում է գործակալությունը: