Պռոշյան համայնքում երեկ կայացած գյուղապետի ընտրությունների պաշտոնական տվյալներով գյուղապետ է դարձել ՀՀԿ-ական թեկնածու Արթուր Մուրադյանը, ով 1310 ձայն է հավաքել: Համայնքում առաջադրված մյուս երկու թեկնածուներից ՀՅԴ-ական Վովա Սահակյանը հավաքելէ 1240 ձայն, իսկ Ալեքսան Ալեքսանյանը՝ 178 ձայն: Համայնքի 3988 ընտրողներից ընտրությանը մասնակցել են 2800-ը:

Այսօր, երբ ԳԱԼԱ-ն փորձել է զրուցել թեկնածուներից Վովա Սահակյանի հետ, նա ասել է հետևյալը.

«Ինձ ընտրությունների հետ կապված հարց մի տվեք, այդ հարցը տվեք իշխանություններին, թե ում ահաբեկեցին, ում կաշառեցին, ինձ չտաք այդ հարցը»: Նշենք նաև, որ երեկ կեսօրից հետո ԳԱԼԱ-ի հետ զրույցում Վովա Սահակյանն ասել էր.

«Փողը բաժանեցին, որ ՀՀԿ թեկնածուն անցնի, ինչ ընտրություն, Պռոշյանում ընտրություններն ավարտվել են»:

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 2-ին Պռոշյանում գյուղապետարանի մոտ սպանվել էր նախկին գյուղապետ, ՀՅԴ անդամ ազատամարտիկ Հրաչ Մուրադյանը:

Լիլիթ Թադևոսյան