«Մենք միշտ պատրաստ ենք ամեն ինչի»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի՝ հուլիսի 12-ի հայտարարությանը, թե «Ադրբեջանն իր «օկուպացված տարածքները» ազատելու այլ ճանապարհ չունի, բացի սեփական զինված ուժերն ուժեղացնելուց»:

Այս մասին Սաֆար Աբիևը հայտարարել էր պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Կորեայի ազգային ասամբլեայի ընդունելության ժամանակ, հաղորդում է ИА REGNUM-ը: Նա նաև ասել էր, որ «ԼՂՀ հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը ոչ մի արդյունք չի տալիս»:

Իսկ ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց հետևյալը.

«Մենք 1988-ից պատրաստված ենք և մի քանի հարյուր տարիներին միշտ պատրաստ ենք լինելու, թող չմտահոգվեն: Էդ հայտարարությունները մենք լսում ենք 95 թ-ից, սովորական հայտարարություններ են, և անկախ ամեն ինչից՝ մենք պատրաստ ենք, համապատասխան քայլեր միշտ ձեռնարկում ենք և քայլեր անում ենք, այնպես որ բոլորը անհոգ պետք է լինեն»:

ԼՂՀ վարչապետը բացատրեց նաև, որ Ադրբեջանում սպասվում են քաղաքական լուրջ զարգացումներ, նախագահի ընտրություններ են, և նման հայտարարությունները նախ և առաջ իշխանությունների՝ հասարակությանը հաճոյանալու նպատակ ունեն:

«Միշտ են եղել նման հայտարարություններ, ընդհանուր առմամբ դա ներքին լսարանի համար է:

Մենք ամենևին չենք կարևորում, և ասում եմ՝ 1994 թ-ի զինադադարից հետո տարին մի քանի անգամ նման հայտարարություն անում են, մենք ընդհանուր առմամբ պիտի ուշադրություն չդարձնենք հայտարարություններին, այլ գործենք այնպես, ինչպես գործել ենք այս տարիների ընթացքում՝ հզորացնելով մեր բանակը»:

Քրիստինա Մկրտչյան

Լուսանկարը՝ versia.am-ի