Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Լեոնիդ Կոժարային:

Նախագահը ողջունել է հյուրին և շնորհավորել Ուկրաինային՝ 2013թ. ԵԱՀԿ նախագահության կապակցությամբ, վստահություն հայտնել, որ Ուկրաինայի կառավարությունը և անձամբ Լեոնիդ Կոժարան հաջողությամբ կիրականացնեն այդ պատասխանատու առաքելությունը: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանում բարձր են գնահատում ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտգործնախարարի գլխավորած պատվիրակության այցը, որը վկայում է Հարավային Կովկասի տարածաշրջանի խնդիրների նկատմամբ ԵԱՀԿ նախագահության ուշադրության մասին: Հանրապետության Նախագահը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է ԵԱՀԿ շրջանակներում համագործակցությունը: Նախագահի խոսքով, կազմակերպությունը շարունակում է մեծ դեր խաղալ եվրասիական տարածքում և հատկապես՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության ու անվտանգության ամրապնդման գործում: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել ԵԱՀԿ-ի ներդրումը նաև մարդու իրավունքների և ժողովրդավարական գործընթացների զարգացման գործում: Հանրապետության Նախագահը հույս է հայտնել, որ Լեոնիդ Կոժարայի գլխավորած պատվիրակությանը այցը կնպաստի տարածաշրջանում անվտանգության ապահովման ուղղությամբ գործադրվող ջանքերին, ինչպես նաև Հայաստանի և ԵԱՀԿ ինստիտուտների միջև հետագա համագործակցության խորացմանը:

Հանդիպմանը զրուցակիցները երկուստեք լիակատար աջակցություն են հայտնել ԼՂ հակամարտության կարգավորման գործում Մինսկի խմբի առաքելությանը՝ ուղղված հակամարտության լարվածության թուլացման հնարավոր միջոցառումների իրականացմանը: Քննարկվել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև սպառազինությունների վերաբերյալ ԵԱՀԿ շրջանակներում գործող միջազգային համաձայնագրերի իրագործման խնդիրներին: