Մոսկվայում հուլիսի 13-ին տեղի ունեցած ավտովթարի պատճառով ձերբակալված ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանը, ով եղել է ավտոբուսին բախված «Կամազ»–ի վարորդը, դատարանի դահլիճում եղել է բառացիորեն անմխիթար վիճակում: Բոտկինսկի հիվանդանոցում բուժօգնություն ստանալուց հետո 46-ամյա Հարությունյանին դատարան են տարել չսափրված վիճակում և կանացի գույնզգույն խալաթով:

Այս պահին մեր հայրենակցին հագուստ և ծխախոտ տրամադրելն անգամ արգելված է:

Միջադեպը, բնականաբար, բուռն արձագանք ստացավ: Քննադատություններ հնչեցին Մարդու իրավունքների պաշտպանության, Արտաքին գործերի նախարարության, ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանատան հասցեին:

Ռուսաստանյան լրատվամիջոցները, անտեսելով անմեղության կանխավարկածը, կոպտորեն շեշտադրելով Հրաչյա Հարությունյանի ազգությունը, խախտելով լրագրողական էթիկայի կանոնները՝ նվաստացնում են մեղադրյալի աթոռին հայտնված մեր հայրենակցի արժանապատվությունը:

Այս ամբողջ թոհուբոհի մեջ զարմանալի է մի բան՝ ինչու են լռում Ռուսաստանի հայ համայնքի բարեգործները, մասնավորապես՝ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը և Սամվել Կարապետյանը (ավելի հայտնի՝ Կալուգայի Սամո), ովքեր ցանկացած հարմար առիթի դեպքում ռուսներին հաճոյանալու համար առաջին գծում կանգնած են: Հավանաբար, լռում են, որ հանկարծ ռուսները չնեղանան:

Հաշվի առնելով Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում մեր բարերար հայրենակիցների դերն ու նշանալութունը՝ վերջիններիս լռությունը պարզապես անհասկանալի է:

Ռուսաստանի հայերի միության հիմնական խնդիրը պետք է որ լիներ ՌԴ-ում ապրող հայերի հիմնախնդիրները լուծելը, սակայն արձագանք չկա: Արձագանք ակնկալելն էլ կարծես թե անիմաստ է, քանի որ խոսքը եղբայրական Ռուսաստանի մասին է...

Գայանե Համբարձումյան