Դեղորայքային քնից հետաքննության պահանջով ժամանակից շուտ արթնացած եւ խալաթով դատարան ներկայացած ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի հարցով ՀՀ իշխանությունները զբաղվում են: ՌԴ-ում գործող դեսպանատունը ինտենսիվորեն զբաղվում է նրա հարցով եւ խնդիրը կբարձրացնեն: Այս մասին ԳԱԼԱ-ին տեղեկացնում են ՀՀ արտգործնախարարությունից՝ չմանրամասնելով ձեռնարկվելիք քայլերը:«Այս պահին կարող եմ ասել այն, որ դեսպանությունը ակտիվորեն զբաղվում է այդ հարցով եւ մանրամասների համար տեղյակ կպահենք»,-ԳԱԼԱ-ին փոխանցեց ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը:

Հարցին, թե մասնավորապես ի՞նչ քայլեր են ձեռնարկելու, Տիգրան Բալայանը չմանրամասնեց՝ ասելով. «Այլ մեկնաբանություններԱԳՆ-ն չունի»:

Խնդիրն այն է, որ ՀՀ քաղաքացուն հիմա ոչ միայն իրավական, այլ հոգեբանական աջակցություն է անհրաժեշտ, ՀՀ կողմը կարող է նաեւ Հրաչյա Հարությունյանի առողջական իրավունքի հարցը բարձրացնելով՝ խնդիր առաջ քաշել, որ հետաքննությունը գոնե մեկ շաբաթով հետաձգեն, սակայն ԱԳՆ-ն առայժմ մեկնաբանելու բան չունի:

Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ տեղեկություններ տարածվեցին, որ Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում մալուխի գողության համար ձերբակալել, այնուհետև դաժան ծեծի ենթարկել և բռնաբարել էին հայազգի շինարարին: Այս խնդրի վերաբերյալ եւս ԱԳՆ մեկնաբանություններ չուներ: Եւ արդեն 2-3 ամիս է ՀՀ քաղաքացիները բողոքում են, որ իրենց ընտանիքի անդամները՝ տարբեր տվյալներով մի քանի հարյուր հայ, անժամկետ «գերի» են մնում Աբխազիայում՝ չունենալով բնակության ու կեցությանանհրաժեշտ պայմաններ, որովհետեւ նրանց Ռուսաստանում մնալու քարտի ժամկետը սպառվել է, ՌԴ-ն արգելում է նաեւ ՀՀ քաղաքացիներին Ռուսաստանի միջով վերադառնալ Հայաստան: ԱԳՆ դարձյալ մեկնաբանություններ չունի՝ հայտարարում են, որ այդ մարդկանց՝ ՀՀ քաղաքացիների՝ Աբխազիայում մնալու ժամկետը կախված է ուղղակի ՌԴ իշխանությունների կամքից ու ցանկությունից:

Քրիստինա Մկրտչյան