Մոսկվայի մարզում ծառայակից ընկերոջը և կոչումով ավելի բարձր սպային ծեծի ենթարկելու մեղադրանքով քննություն է սկսվել երկու բարձրաստիճան ոստիկանների նկատմամբ: Կասկածյալները ՌԴ ՆԳՆ Մոսկվայի վարչության «Պավլովո Պոսադսկի» ոստիկանության պետի հասարակական կարգի պահպանության գծով նախկին տեղակալը և այդ նույն ստորաբաժանման բաժնի պետն է, հաղորդում է ՌԴ Քննչական կոմիտեի տարածաշրջանային պետական քննչական վարչության պաշտոնական կայքը: Քննիչների վարկածով 2013թ. մայիսի 24-ին հիշյալ ոստիկանները ժամը 22:30-ին գտնվելիս են եղել Պավլովո Պոսադսկի շրջանի Ռախմանովո գյուղի գերեզմանների մոտ: Հենց այնտեղ էլ «վիճաբանության ընթացքում, անձնական անբարյացակամ հարաբերությունների հիման վրա նրանք ծեծի են ենթարկել իրենց գործընկերոջը, Թաղային լիազորների և անչափահասների գործերով բաժնի պետին»: Ծեծի ենթարկված ոստիկանության փոխգնդապետը ստացել է բազմաթիվ կապտուկներ, և արյունազեղումներ, ինչպես նաև կոտրվել է նրա կողը՝ վնասելով նաև թոքը, հաղորդում է «interfax»-ը: «Newsru.com»-ը նշում է, որ հատկանաշական է այն, որ այս փաստը գաղտնի է պահվել ոստիկանության տարածաշրջանային բաժնից, քննիչները դեպքի վայր չեն կանչվել: Միայն հանրության մեջ լայն արձագանք ստանալուց հետո տարածաշրջանի ոստիկանության վարչությունը կատարել ստուգումներ, հավաքել նյութեր և փոխանցել ՌԴ Մերձմոսկվայի Քննչական կոմիտեին, որտեղ էլ հարուցվել է քրեական գործ քրեական օրենսգրքի « մի խումբ մարդկանց կողմից դիտավորյալ առողջությանը ծանր հարված հասցնելը» հոդվածի հատկանիշներով: Մերձմոսկվայի ոստիկանության անձնակազմի գծով տեսչության կատարած ծառայողական ստուգումների արդյունքում գործընկերոջը ծեծի ենթարկելուն մասնակից սպաները ազատվել են ներքին գործերի մարմիններից: