Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հուլիսի 17-ին ադրբեջանցի իր գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ համատեղ ասուլիսին մասնավորապես հայտարարել է, թե Թուրքիան միշտ սատարել է ու կսատարի Ադրբեջանին եւ պատրաստ է նպաստելու ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այս առնչությամբ մեկնաբանությամբ է հանդես եկել ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը. «Թուրքիայի արտգործնախարարն այսօրվա հայտարարությամբ վերահաստատեց, որ իր պետությունը հանդես է գալիս ղարաբաղա-ադրբեջանական հիմնախնդրի ոչ թե արդարացի, այլ ադրբեջանամետ լուծման օգտին: Ուստի, եթե Թուրքիան իսկապես շահագրգռված է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության շուտափույթ կարգավորմամբ, ապա պետք է կատարի մեկ պարզ քայլ' չխառնվի եւ չմիջամտի կարգավորման գործընթացին»: