Lragir.am. Պետք է հասկանալ, որ ամեն ինչ դեռ կորած չէ
Հայ քաղաքագետների ճանաչված առաջնորդ, քաղաքական նշանավոր հետազոտող եւ մեր ընկեր Հմայակ Հովհաննիսյանը, որը հայտնի է ռուսական քաղաքական-փորձագիտական հանրության հետ երկխոսություն կառուցելու ընդունակությամբ, ասում է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններում «դեռ ամեն ինչ կորած չէ, եւ կա իրավիճակը շտկելու հնարավորություն»:
Հմայակ Հովհաննիսյանի ինտուիցիան միշտ փրկել է հայ հանրությանը, որը մոլորվել է «արդյոք Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է» թեմայի վերաբերյալ ենթադրություններում ու քննարկումներում: Հայաստանում ներկայում տրամադրությունները բավական բազմազան են, եւ թերեւս պահանջվում է «պատմական ժամանակ» լիովին ընկալելու համար այն, ինչ տեղի է ունեցել: Իսկ ըստ էության, ոչինչ էլ տեղի չի ունեցել:
Ժամանակակից աշխարհում «ռազմավարական գործընկեր» բառակապակցությունն ու հասկացությունը լիովին արժեզրկվել է: Կարելի է պետությունների միջեւ հարաբերությունների տասնյակ օրինակներ բերել, որոնց վրա կախվում է «ռազմավարական գործընկեր» պիտակը: Ավելին, լինելով տվյալ բավական պայմանական հարաբերությունների մեջ, պետությունները հաճախ գերադասել են «գցել» իրենց գործընկերներին:
Եվրոպայում դա տեղի է ունեցել երեսունամյա եւ յոթնամյա պատերազմների ժամանակ, իսկ ռազմավարական գործընկերների ամենաարմատական դաշինքը՝ Անտանտը, դարձել է փլուզման օրինակ, ռուսական հեղափոխության ազդեցության տակ:
Ժամանակակից աշխարհում այնպիսի երկարաժամկետ դաշինքը, ինչպիսին է ԱՄՆ եւ Իսրայելի հարաբերությունը, կասկածի տակ է դրվել: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա վաղուց պետք էր հասկանալ, որ նրա արտաքին քաղաքականությունը չի կարող լինել ԽՍՀՄ քաղաքականության շարունակությունը: Դա պարզապես չի տեղավորվում ռուսական ներկայիս էլիտայի ու հասարակության ոճաբանության եւ արմատական դիրքորոշումների մեջ:
ԽՍՀՄ փլուզումից ի վեր անվերջ ասվում է, որ Ռուսաստանը հանձնել է իր ռազմավարական եւ այլ գործընկերներին՝ Հյուսիսային Կորեային, Սերբիային, Կուբային, Սիրիային, Իրաքին եւ վերջապես Հայաստանին: Ռուսաստանը ոչ մի բան ու ոչ մեկին չի հանձնել, պարզապես այս պետություններն իրենց աշխարհքաղաքական գործառույթներով ու դիրքորոշումներով եղել են ոչ թե Ռուսաստանի, այլ ԽՍՀՄ գործընկերները:
Լատինական Ամերիկայում, ինչպես նաեւ Հարավ-Արեւելյան Ասիայում եւ Մերձավոր Արեւելքում նոր դիրքեր ձեռք բերելու Ռուսաստանի փորձերը պարզապես ծիծաղելի են, եւ Մոսկովյան էլիտան հասկացել է դա, սեփական երկրի ազգային անվտանգությունը սպառնալիքի տակ չդնելով:
Հայաստանի վերաբերյալ Ռուսաստանի հարցադրումը լիովին հասկանալի է՝ Հայաստանը մնում է անկախ պետություն, թե ոչ. Հայաստանը պետք է համաձայնվի արտաքին քաղաքականություն չվարելու եւ պատմական հայրենիքի հողերի իրավունքը չպնդելու պահանջին: Տվյալ հանգամանքի ժխտումը երեսպաշտություն է եւ կեղծիք: Հայ հասարակությունը ներկայում չի կասկածում դրանում, եւ որոշ շրջանակներ ու առանձին քաղաքական գործիչներ կհամաձայնեին դրան (դա ավելի քան փաստ է, իրականում հենց այդպես էլ կա):
Ռուսաստանը մնում է խոշոր, ինքնուրույն տերություն, բայց նա ի վիճակի չէ լինել սեփական գործընկերների անվտանգության երաշխավոր եւ համերաշխ լինել նրանց հետ, նրանց շահերի կրիտիկական նվազագույնի մասով:
Ռուսաստանը, չնայած Թուրքիայի հետ հարաբերություններում բազմաթիվ խնդիրներին, շարունակում է ձգտել նրա հետ առավել սերտ ու գործընկերային հարաբերություններ ստեղծել, ինչը չի կարող չհանգեցնել Հայաստանի շահերի լուրջ զիջումների փորձերի: Տվյալ փորձերի մասին վերջին տասնամյակի ընթացքում բավարար տեղեկատվություն կա (ռուսները հավանաբար կարծում են, որ հայերը վատ են տեղեկացված, եւ նրանք ճիշտ են, բայց ոչ բոլոր հայերի դեպքում):
Ռուսաստանի ազդեցությունն ավելի ու ավելի է սահմանափակվում, ընդ որում՝ տարբեր ուղղություններով: Սահմանափակողների դերում ոչ միայն եւ ոչ այնքան Արեւմուտքի խոշոր տերություններն են, որքան Առաջավոր Ասիայի եւ Հեռավոր Արեւելքի երկրները: Ռուսաստանը դժվարությամբ է զսպում արտաքին էքսպանսիան տարբեր ուղղություններով, եւ չի կարողացել շահագրգռել բավարար քանակի պետությունների ՀԱՊԿ-ին մասնակցելու հարցում:
Ներքաղաքական եւ սոցիալական գործոնները նույնպես որոշիչ դեր են խաղում Ռուսաստանի «կայսերական» հավակնությունների ծավալման հարցում: Գլխավոր վնասաբեր գործոնն այն է, որ Ռուսաստանը կորցրել է «կայսերական» էլիտային եւ նույնիսկ քիչ թե շատ քաղաքականապես հավակնոտ շրջանակների: Զանազան քաղաքական գործիչներն ու մեկնաբանները, որոնք պատրանքներ ունեն, թե Ռուսաստանը դեռեւս «կայսրություն» է, իրենցից պարզապես ծաղրածուներ են ներկայացնում:
Հայաստանը եւ ցանկացած այլ երկիր, որը Ռուսաստանը դիտարկում է որպես իր հիմնական գործընկեր, դատապարտված է, մեղմ ասած, խոշոր հիասթափության: Ռուսաստանը պետք է փող աշխատի զենք վաճառելով եւ գործընկերներին հանձնելու վրա, եւ այդպես է լինելու միշտ: Պետք է հասկանալ, որ ոչինչ կորցված չէ, Ռուսաստանը երբեք չի եղել եւ չէր կարող լինել «ռազմավարական գործընկեր»:
Այնքան փոքր պետությունը, ինչպիսին Հայաստանն է, չի կարող «ռազմավարական գործընկերության» հարաբերությունների մեջ լինել այնպիսի խոշոր տերության հետ, ինչպիսին Ռուսաստանն է: Հայաստանը ոչինչ չի կարող կորցնել, այն շարունակում է գտնվել սերտ ու բազմազան հարաբերությունների մեջ Ռուսաստանի հետ: Սակայն «ռազմավարական գործընկերության» մասին դատողությունները պարզապես ծիծաղելի են:
Ռուսաստանի էթնո-ժողովրդագրական եւ արտաքին քաղաքական պայմանները նրան չեն կարող թույլ տալ Հայաստանի շահերը դիտարկել որպես գործընկեր-պետության շահեր: Ռուսաստանը չի կարող Հայաստանի հետ հարաբերություն կառուցել առանց Թուրքիայի ու Ադրբեջանի շահերն ու դիրքորոշումը հաշվի առնելու: Եւ ժամանակի ընթացքում Ռուսաստանի համար այս երկու պետությունների հետ հարաբերությունները դառնալու են առավել նշանակալի (Հյուսիսային Կովկասում հայերի կողմից հուշարձանի բացումը Ռուսաստանում դիտարկվում է Թուրքիայի կողմը նայելով): Ադրբեջանին դուր գալու համար, Ռուսաստանը ցուցադրաբար խտրականության է ենթարկում լեզգի եւ ավար ժողովուրդներին, այսինքն՝ իր իսկ քաղաքացիներին:
Ներկայում քաղաքականապես ոչ այնքան փորձառու հայկական ղեկավարությունը հասկացել է, որ եթե ներկա փուլում չլուծվեն արտաքին քաղաքական մեկուսացման հաղթահարման եւ Ռուսաստանից կախվածության վիճակից երկրի առավելագույն դուրսբերման հարցերը, Հայաստանը կզրկվի ինքնիշխանությունից եւ փաստացի, եւ ֆորմալ:
Մոսկվայում չկա որեւէ քաղաքական եւ հետազոտական կենտրոն, որտեղ չլինի Թուրքիայի ու Ադրբեջանի «համակիրների» լավ վճարված խումբ: Ռուսաստանում ոչինչ չարժե ցանկացած քաղաքական, տեղեկատվական կամ փորձագիտական խումբ գնելը: Վաճառվում ու գնվում է ամեն ինչ: Այդպիսով, ներկայում անիմաստ է ռուսական հասարակության հետ բանավեճը, եթե հասարակություն համարենք այն, ինչը որեւէ կերպ ազդում է քաղաքականության կամ տեղեկատվական «դաշտի» վրա:
Հայաստանում բազմաքանակ պրոռուսական տրամադրված շերտեր կան, թեեւ դժվար է սահմանել, թե ինչ է նշանակում պրոռուսական տրամադրություններ: Դա կարելի է հասկանալ: Այդ մարդիկ որեւէ հնարավորություն եւ հեռանկար չունեն «արեւի տակ տեղ ստանալու», բացի Ռուսաստանի շահերի համար աշխատելուց, չունեն մարդամեջ դուրս գալու կամ հասարակության մեջ ինչ որ դիրքեր պահպանելու հույսեր: Նրանք ռուսական լեզվա-տրամաբանական տարածությունից դուրս ընդհանրապես մարդ չեն, որպես այդպիսին: Սակայն նրանք կատարում են բավական օգտակար գործառույթներ, քանի որ զբաղեցրել են յուրահատուկ խորշ, որտեղ տեղ չկա քիչ թե շատ լուրջ ընդդիմախոսների համար:
Անկասկած, Ռուսաստանը կարող էր Հարավային Կովկասում պատերազմի վերսկսման նախաձեռնություններ իրականացնել, նախեւառաջ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ: Նրա համակիրները Հայաստանում շարունակելու են արդարացնել ռուսական քաղաքականությունը, դա պարզապես կլինիկա է, բայց դա այդպես է: Պետք չէ ամեն ինչ բացատրել, վաղուց ամեն ինչ բացատրված է:
Հայկական «քաղաքական ընդդիմությունը», որն աճել է արմատական հակառուսական տրամադրությունների տարածման վրա, ներկայում կորցրել է խոսելու ընդունակությունը եւ ընդհանրապես ձայնը, քանի որ կարծում է, որ «որքան վատ, այնքան լավ»: Մոսկվայում, անկասկած, տեղեկություն են ստանում Հայաստանում տեղի ունեցողի վերաբերյալ եւ հասկանում են, որ Հայաստանի պրո-ռուսական գործիչներն իրենցից ներկայացնում են կլոունադա, որոնք չունեն բավարար տեղեկատվություն, եւ ընդունակ են միայն դատարկախոսության:
Այսպես թե այնպես, Հայաստանում տվյալ պրո-ռուսական գործիչները կարգի կհրավիրվեն, այդ թվում քրեական պատասխանատվության միջոցով: Այդ պատճառով, ռուս-հայկական հարաբերությունների համար այդքան կարեւոր նշանակություն ունեն ռուսաստանցի այլ պրոֆիլի քաղաքագետների ու ինտելեկտուալների այցերը Երեւան, եւ դրանում հայ քաղաքագետների ասոցիացիայի մասնակցությունը, որը գլխավորում է մեր ընկեր եւ զինակից Հմայակ Հովհաննիսյանը:
Պետք է զրուցել նաեւ հետագայում, շատ բան դեռ ասված չէ, մինչեւ կայսրության վերջին բանկետը դեռ ժամանակ կա: 

 

Իգոր Մուրադյան