«14 տարի առաջ, երբ հարբած ռուսները արունքն աչքերին և ավտոմատներով հարձակվեցին մեր վրա, ամբողջ քաղաքը իրանց համար կրակոցների պլաշատկա էին սարքել ու ռազմաբազայից դուրս գալով՝ կրակելով, դես ու դեն գցելով շարժվել էին վրեքս, այդ ժամանակ, մենք իրանց կնկա խալաթ չհագցրինք: Էդ ժամանակ մեր ընկերներից երկուսը մահացան, ընդհանուր 11 հոգի խփվեց, այդ թվում՝ ես, բայց կենդանի մնացի ու դարձա հաշմանդամ»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմեց Գյումրիի բնակիչ Նորիկ Սարգսյանը, ում դարձյալ շատ էր հուզել ու բորբոքել ՀՀ քաղաքացի վարորդին կանացի ծաղկավոր խալաթով դատարան տանելու փաստը: Նա հիշել էր, թե ինչպես 14 տարի առաջ, երբ ինքը աշխատում էր շուկայում, Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայից երկու հարբած սպաներ հարձակվել էին ՀՀ քաղաքացիների վրա:

ԳԱԼԱ-ի հետ զրույցում Նորիկ Սարգսյանը հիշեց 14 տարի առաջվա ապրիլի 14-ը:

«Ես այդ ժամանակ բիրժայում գործ էի անում, 1999 թ-ի ապրիլի 14-ին, ժամը 16-ի մոտ, դա իմ երկրորդ ծննդյան օրն էր: Ես բիրժայում փոխանակման գործ էի անում, մեկ էլ տեսա, որ Մայակովսկի փողոցում մի հատ զինվորական բղավում էր՝ «Փախե՛ք, փախե՛ք» և ինքն էլ վազում էր, ասաց՝ երկու ռուս կրակելով գալիս են: Ես պահ մտա, եկան հասան արդեն Շահումյանի խաչմերուկում և հենց շուկայի մեջտեղը «մագազինը» հանեց ու գցեց, բայց արդեն դատարկվել էր, մյուսը գցեց վրան, ու եկան դեպի Լաչինի միջանցք: Այն ժամանակ մի հատ ճաշարան կար, մոտիկ ընկեր ունեի, տեսա, որ այնտեղ այդ տղային (Կոկոլ էինք ասում) ծեծում էին ավտոմատի պոչով: Այդ տղային ասել են՝ «ծնկաչոք իջի ներքև», իսկ նա ասել է՝ «դուք ով եք, որ ես ծնկեմ», և տեսա հանկարծ, որ ավտոմատի կոթով ծեծում են այդ տղային: Այդ պահին ես վազեցի, ասի՝ օգնեմ, դարձա, և այդ պահին կրակեցին: Բայց ոնց որ մոծակը կծեր, ոտքիս կպավ, սկզբում բան չզգացի, գնացի, մեկ էլ վրա՝ երկրորդ կրակոցը հնչեց, այս անգամ արդեն ոսկորիս ձայնը լսեցի և ոտքս դարձավ դատարկ մեշոկ, և էլ չկարողացա առաջ շարժվել, ոչ էլ կանգնել: Ես էլ ոչինչ չեմ հասկացել, վերցրել են տղաները տարել են հիվանդանոց:

Մոտ 11 հոգի վիրավորվել էին, երկու հոգի էլ մահացան՝ մեկը ազատանցի մի մսագործ, ում գլխին էին խփել հենց իր մեքենայի մեջ, մյուսն էլ՝ հենց ռազմաբազայի մոտ դուրս էին եկել և Դավիթ անունով տղա դրան էին խփել, Դավիթը մահացավ վիրահատարանում:

Պատճառն այն էր, որ հարբած էին եղել: Նրանցից մեկն ասել է՝ «գնանք քաղաք ման գալու», և դուրս էին եկել «ման գալու»:

Բայց մենք դրանց խալաթ չհագցրինք: Նրանցից կարճը՝ Պոպով էր անունը, իսկական բեսպրիդել էր, իրան կողքիս հենց բերել հիվանդանոցը պառկեցրել, բուժում էին, քանի որ լավ ծեծ էր կերել կրակոցներից հետո:

Ատրյադը զաբորով մտել են, կարաուլին ռեմենով կապել էին, ավտոմատները ձեռքերից առել և կրակելով եկել էին դեպի քաղաք: Մենակ երեք հոգու իրանք ճամփեն են զարկել: Ու մենք խալաթ չհագցրինք, էդ ժամանակ պտի Պուտինին խալաթ հագցնեինք: Ես որպես բողոք գնացի ռազմաբազայի մոտ կաստիլներով կանգնեցի, իրանց նաչալնիկները եկան անցան ու վրես քշեցին:

Բայց վրեն խնդալով հո չէ՞: Բա մենք ընչի՞ այդպիսի բան չարինք, դիտավորյալ սպանություններ էին, դիտավորյալ հարբած խուժանի պես մեր քաղաքը պլաշատկա էին սարքել, կրակելով ման էին գալիս, մենք իրանց բուժեցինք և օրենքով դատեցինք, թող իրանք էլ մեր տղայի հետ այդպես վարվեն, թող օրենքով դատեն, ինչ հասնում է՝ տան, բայց չխայտառակեն ու չհեգնեն»:


Զրուցեց Քրիստինա Մկրտչյանը