Գյումրիի նախկին քաղաքապետի դստեր փեսացուի սպանության գործով դատարանում հնչած վիրավորական արտահայտությունների դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի լրատվության վարչությունը «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում հերքեց նախօրեին մամուլում եղած հաղորդագրությունն առ այն, թե դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: ԶԼՄ-ն՝ հղելով Շիրակի մարզի վարչության պետ Կարեն Բաբակեխյանին, հայտնել էր, որ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Ըստ ոստիկանության, «լրագրողները սխալ են հասկացել Կարեն Բաբակեխյանին»:
Հիշեցնենք, որ «Փաստինֆո»-ն նախօրեին արդեն իսկ հանրությանը տեղեկացրել էր, որ ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ, փաստաբան Լուսինե Սահակյանի պաշտոնական գրությանը Շիրակի մարզի դատախազությունն անմիջապես ուղարկել է ոստիկանություն՝ օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար: Դատախազի ցուցումով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում նաև ամբաստանյալի հոր՝ Սամվել Սարգսյանի կողմից բուժօգնություն ստանալու համար հիվանդանոց դիմելու ծանուցման հետ կապված: Ս.Սարգսյանը հրաժարվել է հանցագործության մասին հաղորդում տալուց, սակայն, ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Սոնա Տռուզյանի փոխանցմամբ, ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում՝ հաշվի առնելով, որ հիվանդանոցից ստացվել է ահազանգ, ինչը պաշտոնապես գրանցվել է ոստիկանությունում։

Հուլիսի 16-ին Լ.Սահակյանը պաշտոնական գրությամբ դիմել էր Շիրակի մարզի դատախազին՝ հայտնելով, որ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործով նույն օրվա դատական նիստին որպես վկա հրավիրված Վ. Ղուկասյանը վիրավորական արտահայտություններ է արել, այդ թվում՝ ամբաստանյալ Հարություն Սարգսյանի պաշտպան Լ.Սահակյանի հասցեին: