Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր նշանածի՝ Կարեն Եսայանի սպանության գործով դատական նիստի ժամանակ հնչած վիրավորանքների առթիվ Շիրակի մարզի ոստիկանության քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: ՀՀ ոստիկանության՝ հասարակության հետ կապի լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը մեր թղթակցի հետ զրույցում հերքեց նախօրեին մամուլում եղած հաղորդագրությունն այն մասին, թե դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:

Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ, փաստաբան Լուսինե Սահակյանը պաշտոնական գրությամբ դիմել էր Շիրակի մարզի դատախազին՝ հայտնելով, որ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործով նույն օրվա դատական նիստին որպես վկա հրավիրված Վ. Ղուկասյանը վիրավորական արտահայտություններ է արել, այդ թվում՝ ամբաստանյալ Հարություն Սարգսյանի պաշտպան Լ. Սահակյանի հասցեին:

Նշենք, որ 27-ամյա Կարեն Եսայանին սպանեցին հենց իր նշանադրության օրը, նա պատրաստվում էր նշանվել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր՝ Մանյա Ղուկասյանի հետ:

Այս գործն արդեն մի քանի ամիս է՝ քննվում է դատարանում, որի ընթացքում հարցաքննվել են գրեթե բոլոր վկաները: Օրերս կայացած նիստին դատարան է ներկայացել նաև Վարդան Ղուկասյանը: