ԼՂՀ ԿԱ փրկարար ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են Արցախի տարածքում շաբաթվա ընթացքում գրանցված արտակարգ պատահարների մասին։

Հրդեհներ

Նշված ժամանակահատվածում ԼՂՀ տարածքում գրանցվել է հրդեհի բռնկման
17 դեպք, հիմնականում այրվել են չոր, խոտածածկ տարածքներ:

Մեքենան գլորվել է ձորը

Հուլիսի 16-ին տեղեկություն է ստացվել, որ Քաշաթաղի շրջանի Բերձոր-Աղավնո ճանապարհի 8 կմ-ին ավտովթար է տեղի ունեցել: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։

Տեղում պարզվել է, որ Ստեփանակերի բնակիչ, 1988 թ. ծնված Վ. Հայրապետյանի վարած «Միցուբիշի Պաջերո ԻՕ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը:

Ավտոմեքենայի վարորդ Վ. Հայրապետյանը ստացել է թեթև մարմնական վնասվածքներ: Վերջինիս տեղում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն:

Բախվել են մեքենաներ

Հուլիսի 17-ին տեղեկություն է ստացվել, որ Մարտունու շրջանի Կարմիր Շուկա-Ստեփանակերտ ճանապարհի 26-րդ կմ-ին իրար են բախվել Ճարտար համայնքի բնակիչ, 1958 թ. ծնված Շ. Մանասյանի վարած «Օպել Վեկտրա» մակնիշի և Քարահունջ համայնքի բնակիչ, 1986 թ. ծնված Ի. Լալայանի վարած «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենաները:

Ուղևորներ' 1996 թ. ծնված Ս. Դոլուխանյանը և 1954 թ. ծնված Լ. Ռ. Բաղդասարյանը ստացել են թեթև մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Մարտունու շրջանային հիվանդանոց, որտեղ նրանց ցուցաբերվել է առաջին բուժօգնություն:

Օձի խայթոց

Հուլիսի 11-ին տեղեկություն է ստացվել, որ Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ համայնքի բնակիչ, 1998 թ. Ա. Ավագյանն աջ ոտքի սրունքի հատվածում ստացել է օձի խայթոց: Տուժածին տեղափոխել են Մարտակերտի շրջանային հիվանդանոց։ Նրա վիճակը բավարար է:

Օձը հայտնաբերվել է և վնասազերծվել

Հուլիսի 17-ին, ժամը 15.35-ին Ստեփանակերտի բնակչուհի Ռ. Հարությունյանից ահազանգ է ստացվել, որ Ամիրյան 26 հասցեում գտնվող տան մեջ օձ է հայտնաբերվել: ՓԾ հերթապահ օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր և վնասազերծել օձին:

Զենք-զինամթերք

Հուլիսի 11-ին տեղեկություն է ստացվել, որ Մարտակերտի շրջանի Առաջաձոր համայնքի բնակիչ Ա. Մնացականյանը համայնքի տարածքում զինամթերք է հայտնաբերել: Դեպքի վայր մեկնած ՓԾ ինժեներասակրավորական խումբը հայտնաբերված զինամթերքը (մեկական միավոր 120 մմ տանկի, 30 մմ ՀՄՄ-ի արկեր և 7 հատ Ֆ-1 նռնակ) վնասազերծել են:

Հուլիսի 13-ին տեղեկություն է ստացվել, որ Ասկերանի շրջանի Աստղաշեն համայնքի բնակիչ Ա. Ասրյանն արտը հնձելիս զինամթերք է հայտնաբերել: Դեպքի վայր մեկնած ՓԾ ինժեներասակրավորական խումբը հայտնաբերված զինամթերքը (մեկ միավոր գնդիկա-բեկորային ավիառումբ) վնասազերծել են: