Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Սումա Չակրաբարտիի գլխավորած պատվիրակությանը:

Նախագահը բարձր է գնահատել ՎԶԵԲ-ի հետ Հայաստանի ավելի քան քսանամյա համագործակցությունը, որի ընթացքում, Հանրապետության ղեկավարի խոսքով, երկրի տնտեսության մի շարք ոլորտներում զգալի աշխատանքներ են իրականացվել: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ բանկը կշարունակի իր աջակցությունը Հայաստանին՝ ինչպես մասնավոր և ֆինանսական հատվածներում, այնպես էլ ինստիտուցիոնալ կարողությունների ուժեղացման առումով:

Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանի հետ ՎԶԵԲ-ի համագործակցության առաջիկա ծրագրերին, Հայաստանի առաջնահերթություններին, տնտեսության զարգացման ներուժին, ինչպես նաև առկա մարտահրավերներին և դրանց հաղթահարման հնարավորություններին:

ՎԶԵԲ նախագահ Սումա Չակրաբարտին, խոսելով մեր երկրի հետ բանկի երկարամյա արդյունավետ համագործակցության և դրա արդյունքում Հայաստանում իրականացված խոշորածավալ ներդրումների մասին, գոհունակությամբ է փաստել ՀՀ կառավարության հետ այսօր բանկի ստորագրած վարկային համաձայնագիրը, որը, ըստ նրա, փոխգործակցության հերթական լավ օրինակն է և ուղղված է Երևանում ջրամատակարարման ենթակառուցվածքի բարելավմանը:

Հանդիպման ավարտին ՎԶԵԲ նախագահը վերահաստատել է բանկի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը Հայաստանի համար առաջնահերթ ոլորտներում համագործակցության խորացմանը՝ ուղղված երկրի տնտեսության աճին, ենթակառուցվածքների և գործարար միջավայրի բարելավմանը, մասնավոր հատվածի կարողությունների ընդլայնմանն ու կարևորագույն այլ խնդիրների լուծմանը: