Հասարակական տրանսպորտի թանկացման որոշումը թեև վաղն է մտնելու ուժի մեջ, բայց «Ուղեվարձը՝ 150 դրամ» զգուշացումը մի շարք երթուղայիններում այսօրվանից էր փակցվել, ինչը տարաբնույթ արձագանքի է հանդիպում երթուղային բարձրացող քաղաքացիների կողմից։

«Որ տանք՝ կուրախանաք, բա ո՞նց չէ՝ 150 դրամ... իրանց ախորժակին նայի»,- նշեց մի կին՝ վստահեցնելով, որ ինքը վճարելու է նախկինի պես 100 դրամ, քանի որ դրան համարժեք աշխատավարձի բարձրացում չի եղել։

Երթուղայիններից մեկի վարորդը, ով չներկայացավ, Tert.am-ի հարցին՝ թե 50%-ը թանկացումն ինչքանո՞վ կավելացնի իրենց եկամուտները, ծիծաղեց։ «Դու ի՞նչ ա, մտածում ես մեր մասի՞ն են մտածել, որ գինը բարձրացրել են։ Բա դրա հետ էլ պլանն են բարձրացրել»,- ասաց նա և խուսափեց նշել, թե օրական «պլանն» ինչքան է։ Փոխարենը երթուղայինի մեկ այլ ուղևոր պատասխանեց, թե՝ «նայած ինչ գիծ, օրական մինչև 15 000 դրամ պլան է դրված»։

Վարորդը ո՛չ հաստատեց, ո՛չ էլ հերքեց, բայց խնդրեց չմոռանալ, որ ամեն օր երթուղայիններն աշխատանքի դուրս գալու համար գազ են լիցքավորում իրենց և ոչ թե գծի սեփականատիրոջ գրպանից։ «Մեր շահը կասե՞ք որն ա: Գազը բարձրացավ, պլանը բարձրացավ, մնացած սաղ ծախսերը մեր վրա է»,- ասաց նա։

Հարցին, թե՝ ըստ քաղաքապետարանի ներկայացրած պարզաբանման, տրանսպորտի գինը թանկանում է ոչ թե գազի թանկացման պատճառով, այլ որոշակի գործոններից ելնելով, որոնք ներկայացվել են կետ առ կետ, և որոնց մեջ է մտնում, օրինակ, 150 000 դրամ աշխատավարձը կամ մեքենայի սարքավումների փոխելը և այլն, վարորդը ձայնագրիչի մոտ խոսել չցանկացավ, միայն գլուխը տարուբերեց, բայց հետո արդեն նշեց, որ ոչ մի վարորդ էլ աշխատավարձ չի ստանում.

«Ա՛յ ցավդ տանեմ, ո՞ր վարորդին ես տեսել, որ աշխատավարձ տան, բա որ աշխատավարձ տան, ինձ պե՞տք է՝ էսքան մարդ վերցնեմ, էսքան ներվայնանամ»,- ասաց նա և նշեց, որ մեքենայի խափանման ժամանակ էլ պահեստամասեր գնելն իրենց վրա է։

Հարցին, որ եթե կնոջ վրդովմունքին շատերը միանան և չվճարեն 150 դրամ, ի՞նչ է անելու վարորդը, պատասխանեց. «Գնալու եմ լապատկա վերցնեմ, լապատկով գամ աշխատեմ, ի՞նչ պիտի անեմ»,- ժպիտով վրա բերեց նա։