Տրանսպորտի գնի բարձրացման դեմ Այսօր առավոտյան Երեւանում ոստիկանության բաժիններ են տեղափոխել մի քանի երիտասարդի, ովքեր թռուցիկներ են բաժանել քաղաքի տարբեր հատվածներում՝ «ոչ տրանսպորտի թանկացմանը» կարգախոսով:

Քաղաքացիական ակտիվիստ Անի Կաղինյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց, որ ինքը խոսել է երիտասարդներից մեկի հետ, ով ընդհամենը քաղաքացիներին թռուցիկ է բաժանել եւ դրա համար նրան տարել են ոստիկանության մոտակա բաժին:«Այդ երիտասարդը ընդամենը տրանսպորտի գնի թանկացման դեմ է բողոքում, պայքարել է իր իրավունքների համար, այդ թռուցիկներում ոչ մի հեղափոխական կոչեր, մտքեր, ոչ մի բան չկա, ընդամենը մարդիկ հայտնում են, որ ի վիճակի չեն ավելացված 50 դրամը վճարել, այդ իսկ պատճառով բռնում-տանում են բաժին»:

ԳԱԼԱ-ն զրուցեց նաեւ Արսեն Օհանյանի հետ, ով մեզ հետ հեռախոսազրույցի ժամանակ փաստեց, որ ինքը ոստիկանության Մաշտոցի բաժնում է եւ բացատրություն է գրում:

«Ես որեւէ բան չեմ արել, հայտարարությունների բաժնում հայտարարություն եմ փակցրել, դրա համար ինձ բերեցին բաժին, իրենք հենց այդպես էլ պատճառաբանեցին...Հրավիրեցին եւ ես եկա, հիմա բացատրություն եմ գրում, ինձ ասում են, որ բաց են թողնելու բացատրություն գրելուց հետո»,-ասաց Արսեն Օհանյանը:

Ըստ տեղեկությունների՝ոստիկանության բաժիններ հրավիրված քաղաքացիները 4-ն են:

ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության բաժնից առայժմ չեն մեկնաբանում, թե ինչ պատճառով եւ քանիսի՞ն են հրավիրել ոստիկանության բաժիններ:

Քրիստինա Մկրտչյան

պայքարող երիտասարդներին տարել են ոստիկանություն