Աղջիկը, ով իր կյանքի 10 տարիները ստիպված է եղել անցկացնել լոգարանում՝ փակի տակ, պատմել է իր բանտարկության մասին:

Ազատությունից նրան զրկել էր մեկ այլ կնոջ հետ ապրող հայրը, ով այդ ձևով երեխային թաքցրել է հարազատ մորից: Աղջկան շաբաթ օրը փրկել են Պաղեստինի ոստիկանները՝ նրա մորաքրոջ կողմից ահազանգ ստանալուց հետո:

Բարաա անունով օրիորդին նրանք հայտնաբերել են սարսափելի վիճակում: Աղջիկը նրանց ասել է, որ իր կյանքի կեսը անցկացրել է փոքրիկ և մութ լոգասենյակում՝ միայն առիթից-առիթ լսելով ռադիոյի ձայնը: Բացի այդ, իրեն փակի տակ պահող հայրն ու խորթ մայրը ծածկոցի հետ միասին նաև ածելի էին տալիս և պարբերաբար հորդորում, որ ինքնասպան լինի:

Նրա հայրը՝ Հասան Մելհեմն իր քաղաքացիական կնոջ հետ ձերբակալվել է: Վաղը 49-ամյա տղամարդը կկանգնի դատարանի առջև:

Ոստիկանության հետ զրույցի ժամանակ Բարաան պատմել է, որ հայրն իրեն հաճախ ծեծում էր: Կերակրում էին հազվադեպ, սակայն եբեմն, ուշ գիշերով, թույլատրում էին դուրս գալ լոգասենյակից , որպեսզի ինքը մաքրի և կարգի բերի տունը:

Առաջին անգամ հայրը դստերը փակի տակ է նետել, երբ աղջիկը 10 տարեկան հասակում փախել է տնից: Նրան վերադարձրել են ոստիկանները: Դրանից հետո հայրը նրան ստիպել է ստորագրել մի փաստաթուղթ, որի համաձայն աղջիկը հրաժարվել է դպրոց հաճախելուց:

Ազատության և անվտանգության մեջ հայտնվելուց հետո 20-ամյա օրիորդ Բարաան հայտարարել է, որ իրեն անսահման տառապանքներ պատճառած ծնողին ինքը ներում է:

«Նրանք, ովքեր ապրում են ազատության մեջ, չեն գնահատում երկինքը, արևը: Իսկ դրանք մեծագույն շնորհ են»,-ասել է 20-ամյա աղջիկը:

Բարաան խոստովանել է, որ անընդհատ մտածել է փախուստի մասին, սակայն ամեն անգամ հայրը սպառնացել է, որ կբռնաբարի նրան և պարբերաբար հիշեցրել է ինքնասպանություն գործելու մասին:

Հիմա աղջիկն ապրում է հարազատ մոր հետ: Գերությունից ազատվելուց հետո, առաջին բանը, որ նա խնդրել է, դա կարամել կոնֆետն է, որը նրա համար արգելված էր, հաղորդում է «lifenews.ru»-ն: