Lragir.am. Ռուսաստանցի քաղաքագետներն ու վերլուծաբանները հայ-ռուսական հարաբերությունների ոլորտ են հանում նոր փաստարկներ: Օրինակ, Ստանիսլավ Տարասովն ուղիղ տեքստով, սակայն առանց որեւէ փաստարկի հայտարարել է, թե Հայաստանի ու Եվրոպայի մերձեցումը կապված է այն բանի հետ, որ Երեւանը ցանկանում է հանձնել Ղարաբաղը:
Սակայն նման թեմաները Հայաստանում արդեն բողոք չեն առաջացնում, եւ ոչ ոք դուրս չի եկել հանրահավաքի՝ պահանջելով հրաժարվել եվրոպական ինտեգրացիայից հանուն Ղարաբաղի (ի դեպ, խնամքով լռության է մատնվում այն հանգամանքը, որ Ռուսաստանի առաջարկած Մաքսային միության նախագծում Ղարաբաղը չկա): Թեման քննարկումներ է առաջացրել միայն քաղաքագիտական միջավայրում, այն մասին, թե արդյոք Ռուսաստանը պատրաստվում է հանձնել Ղարաբաղը եւ մեղքը բարդել Հայաստանի վրա: Այդ ժամանակ ասպարեզ նետվեց նոր «փաստարկ»՝ Հայաստանի իշխանությունը չի կատարում սեփական ժողովրդի կամքը:
Հմայակ Հովհաննիսյանի հրավերով Կուրղինյանից հետո Հայաստան ժամանած Մոսկվայի արտաքին հարաբերությունների ինստիտուտի ռեկտոր Անատոլի Տորկունովը հայտարարել է, որ Հայաստանի բնակչության 85 տոկոսը պրոռուսական կողմնորոշման կողմնակից են, իսկ Սերժ Սարգսյանի հայտարարած Եվրոպական կուրսը հակասում է բնակչության մեծ մասի դիրքորոշմանը:
Մի կողմ թողնենք թվերի եւ այլ բաների հավաստի լինելը, եւ ուշադրություն դարձնենք այն հանգամանքին, որ մոսկվացի ռեկտորը փաստացի Հայաստանի բնակչությանը կոչ է անում փոխել իշխանությունը:
Եվրասիականության հայտնի ապոլոգետ Ալեքսանդր Դուգինը խոստովանում է, որ ցանկության դեպքում Մոսկվան կարող է միջոցներ գտնել փոխելու իշխանությունը Հայաստանում եւ այլ երկրներում: Միջոցներն իսկապես շատ են, եւ Ռուսաստանի կողմից դրանց կիրառման հնարավորությունները գնալով մեծանում են:
Հայաստանի իշխանությունը վաղուց էր պետք փոխել, բայց ոչ Մոսկվայի կամ այլ մայրաքաղաքի ցուցումով: Հայաստանում իշխանությունը պետք է փոխի Հայաստանի հանրությունը: Եւ նույն այդ հանրությունը չպետք է թույլ տա, որպեսզի Ռուսաստանը եւ մյուսները կիրառեն շանտաժի լեզուն, շահարկելով հայկական կենսական շահերը:
Ստանիսլավ Տարասովն, իհարկե, կարող է թեթեւությամբ խոսել Ղարաբաղը հանձնելու մասին, սակայն Հայաստանում ապրող մարդիկ չեն կարող նույն թեթեւությամբ ընդունել նրա խոսքերը: Կարելի է իհարկե գտնել հեշտ միջոց եւ հայտարարել, որ նման իշխանությունից կարելի է ինչ ասես սպասել: Սակայն եթե իշխանությունը վստահ լիներ, որ Հայաստանում բոլորը հեշտությամբ կհամակերպվեին այդ մտքին եւ միայն ձեւի համար կմեղադրեին իրեն, վաղուց արդեն հանձնած կլիներ Ղարաբաղը:
Սակայն իշխանությունը գիտե, որ Թալեաթի ցուցակը, ինչպես ասում է Շանթ Հարությունյանը, բաց է, եւ Հայաստանում շատ մարդ կգտնվի, ովքեր դա թույլ չեն տա: Թեեւ հանրության ինչ որ մասը նախկինի պես մեղադրելու է իշխանությանը, այն մասը, որը չընդունելով իշխանության լեգիտիմությունը, նրան տվել է որոշում ընդունելու լիակատար իրավունք, եւ նախապես համակերպվել դրան:
Ռուսաստանցի քաղաքագետներն, անկասկած, զոնդաժ են անում, փորձելով պարզել, թե որ թեման է առավել ցավոտը հայ հանրության համար, եւ ինչը կստիպի Հայաստանին նահանջել իր ճանապարհից: Գազի թանկացումը շոշափեց լայն շերտերի, սակայն բունտ չառաջացրեց, փոխարենը խորացան հակառուսական տրամադրությունները: Նույնիսկ Ղարաբաղում պատերազմի վերսկսման սպառնալիքը (Ադրբեջանին ցուցադրաբար զենք վաճառելու ֆոնին) ավելի շատ Ռուսաստանի, քան Հայաստանի իշխանությանը վնասեց:
Ներկայում փաստարկ է պետք հենց Հայաստանի իշխանության դեմ, եւ նման փաստարկ է ընտրվել Ղարաբաղը հանձնելու թեման: Ճիշտ է, ռուսաստանցի ոչ մի վերլուծաբան չի կարողանում բացատրել, թե ինչու պետք է Սերժ Սարգսյանը ամեն գնով պայքարեր նախագահական երկրորդ ժամկետի համար, եթե պատրաստվում էր հանձնել Ղարաբաղը եւ պատմության մեջ մնալ որպես հանձնող:
Հայաստանում իշխանության ձեւավորման խնդիրը հայ ժողովրդի ինքնիշխան իրավունքն է: Եւ հայ ժողովրդի պայքարը պետք է ուղղված լինի այդ իրավունքն իրեն վերադարձնելուն, որը խլվել է նաեւ Ռուսաստանի գործուն ու անմիջական մասնակցությամբ: Ի տարբերություն Ռուսաստանի, որտեղ Դուգինը որպես պետության, իշխանության, կայսրության միակ կրող համարում է Պուտինին, Հայաստանում, փառք Աստծո, ոչ ամբողջ իշխանությունն է պատկանում Սերժ Սարգսյանին: Նրա հետ, թե առանց նրա, հայերը չեն կարող ինքնասպանության գնալ: 

 

Նաիրա Հայրումյան