ՊՆ համակարգում 13 տարի շարունակ աշխատած ավագ լեյտենանտ Արշավիր Լազարյանը իր անչափահաս հինգ երեխաների և հղի կնոջ հետ միասին հայտնվել է դրսում, քանի որ մինչև այժմ չունի բնակարան, իսկ բնակարան վարձել այլևս չի կարող:

Արշավիր Լազարյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց, որ երեկ հերթական բնակարանի տիրոջից է հեռախոսազանգ ստացել, ով պահանջել է ազատել բնակարանը՝ վարձը ուշացնելու պատճառով: Եվ որքան էլ նա խնդրել է համբերել, տանտերը ասել է, որ այլևս չի կարող, քանի որ «գումարը ձեռքին այլ մարդիկ կան սպասող»: Արդյունքում ավագ լեյտենանտ Արշավիր Լազարյանի 7 հոգանոց
ընտանիքը հայտնվել է դրսում՝ Վարդենիսում:

Զինծառայողը պատմեց, որ ինքը 2000 թ-ից համակարգում է: Սկզբում ծառայել է Երևան N համարի զորամասում՝ մինչեւ 2004թ., ապա գործուղել են նրան Վարդենիս: Դեռ 2009 թ-ին նրան գրանցել են որպես զինծառայող բնակարան հատկացնելու համար, սակայն 2 տարի առաջ իմացել է, որ նրան հեռացրել են այդ հերթացուցակից:

«2001 թ-ին Քանաքեռ տան հերթի կանգնեցի, այնուհետ երկու տարի առաջ՝ 2011թ. հետաքրքրվեցի, նախարարություն դիմեցի, ստուգեցին, ու պարզվեց՝ ինձ ոչ էլ հերթի են վերցրել: Իսկ իմ պայմանագրին մնացել է մոտավորապես երկու տարի ավարտվելու, որից հետո ես դուրս եմ գալու համակարգից: Բացատրեցին, որ 2009-ին բացթողումներ շատ էին լինում, և եղավ այնպես, որ ես ինքս ընկա այդ բացթողումների տակ: Իմ թղթերը փաստորեն առաջ չեն տվել, հավանաբար կորել են, և ես մնացել եմ դրսում, առավել հիասթափվեցի:

Իմ ընտանիքը իմ հետ է եղել ծառայության ընթացքում, հիմնականում Վարդենիսում վարձով ենք ապրում, բայց հնարավորություններս չեն հերիքում այլևս: Նրանց, ումից վարձում եմ բնակարանները, պարտք եմ մնում, իսկ վերջում արդեն իմ ընտանիքին դուրս են հանում: Երեկ էլ հերթական անգամ զանգեցին ու ասացին, որ եթե իրերս չհանեմ, իրենք են դուրս շպրտելու:

6 տարվա ընթացքում 10 տուն արդեն փոխել եմ: Հիմիկվա տանտիրոջս էլ 100 հազար դրամ պարտք եմ մնացել, հանում է դուրս, և այսօրվա վիճակով ես էլ չեմ կարող տուն ճարել: Սկսում են հետաքրքրվել և ճշտում են՝ ինչքան պարտքեր ունեմ, այլևս տուն չեն տա: Ես պարտքերի տակ, իսկ ընտանիքս փաստացի մնում է դրսում»:

Արշավիր Լազարյանը ասաց, որ ոչ ոք իրեն չի աջակցում: Այդ իսկ պատճառով վիրավորված ավագ լեյտենանտը հայտարարեց, որ ինքը պատրաստվում է զորացրման հրամանագիր գրել եւ հեռանալ համակարգից, ուր ոչ միայն «ստիմուլ» չկա, այլև չեն հարգում զինծառայողի իրավունքներն ու չեն բավարարում նվազագույն պահանջները:

«Ստիմուլ չկա, իսկ ստիմուլը կկայանա նրանում, որ 13 տարի ծառայել եմ և կանգնել եմ ավագ լեյտենանտի վրա, և իմ հետ բոլորը, ովքեր ծառայության են անցել, մայոր փոխգնդապետ են, իսկ ես՝ ոչ: Պատճառները բազմաթիվ են, ես այսօրվա վիճակով չեմ ուզում անդրադառնալ, մանրանալ ու խորանալ այդ երևույթների մեջ, բայց մի բան ասեմ, որ իմ գիտելիքներով չեմ զիջում փոխգնդապետին, ոչ մեկից էլ պակաս չեմ, բացի այդ, այսօր իմ ընտանիքը մնացել է անտեր ու դուրսը փողոցում, էլ ինչու՞ համար է պետք իմ ծառայությունը, ու՞մ եմ պաշտպանում, եթե անգամ իմ հիվանդ երեխային չեմ կարող պաշտպանել, տանել Երևան բժշկի... իմ երեխային, ով բժիշկների մեղքով գլխի հետ կապված ինչ-որ լուրջ խնդիրներ ունի...»:

Արշավիր Լազարյանը չի բացառում, որ անչափահաս երեխաների եւ կնոջ հետ միասին արտագաղթեն Հայաստանից: