Շուրջ 10 տարի բրիտանական «British Petroleum» («BP») ընկերությունում աշխատած Էլիզաբեթ Քլեր Լուիզ Մարտինը գործատուներին մեղադրել է առողջությունը քայքայելու և իրեն բարոյական վնաս հասցնելու մեջ, հաղորդում է «vedomosti.ru» կայքը: Հայցվորուհին իր ընկերությունից որպես փոխհատուցում պահանջում է 250 հազար ֆունտ (մոտ 156 մլն դրամ):
Ինչպես հայցի մեջ պնդում է Մարտինը, իր մոտ առողջական խնդիրներ առաջացել են 2009թ.-ին, երբ նրա պաշտոնը բարձրացրել են և նշանակել հաշվապահական բաժնի պետի պաշտոնում: Ընդ որում, նա այդ պաշտոնին նշանակվել է հակառակ թեսթավորման բացասական արդյունքի, իսկ աշխատանքները համակարգող ղեկավարի օժանդակությունը, որը նման դեպքերում պետք է ցուցաբերվեր նորանշանակ աշխատակցին, չի ցուցաբերվել:

Բացի այդ, այն երեք տարվա ընթացքում, ինչ տուժողը ղեկավարել է բաժանմունքը, նրա թիմի մեջ չեն ընդունվել անհրաժեշտ քանակության աշխատակիցներ և նրան չի տրվել անհրաժեշտ ծրագրային ապահովում:

Աշխատանքի մեծ բեռնվածության արդյունքում նրա մոտ հիմնախնդիրներ են առաջացել կապված քնելու հետ, իսկ բժիշկները նրա մոտ ախտորոշել են երկարատև դեպրեսիա: Հիմա նա շարունակում է աշխատանքը ընկերությունում, սակայն մտադիր է ստանալ փոխհատուցում իր գործատուից:

Այսպիսի հայցերը խոշոր կազմակերպություններում սովորական երևույթ են, նշում են ռուս փորձագետները: Նրանք ընդգծում են, որ Եվրոպան դարձել է սոցիալական առումով բավականաչափ կողմնորոշված, սակայն այնքան էլ հավատ չեն ընծայում, որ դեպրեսիայի համար կարելի է փոխհատուցում ստանալ, անգամ, Բրիտանիայում: Ռուսաստանի պարագայում օրինակ, այդպիսի հայցադիմումների ի հայտ գալու դեպքում, նրանք գտնում են, որ պարզպես գործատուները բողոքողին կհեռացնեին աշխատանքից: