Իրանը Եվրամիության կողմից «Հիզբոլլահ» շարժման ռազմական ճյուղը ահաբեկչական ճանաչելու որոշումն անընդունելի է համարում՝ նշելով, որ այդ որոշումը կայացվել է սիոնիստական ռեժիմի ճնշման տակ. գրում է իրանական IRNA գործակալությունը՝ հղում կատարելով Իրանի ԱԳՆ-ին:

Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհիի խոսքերով՝ չի կարելի ահաբեկչական համարել կազմակերպությունը, որը պայքարում է ագրեսիայի դեմ և աջակցություն է ստանում ժողովրդի կողմից, ինչպես նաև Լիբանանում իշխանության ընտրովի մարմիններում ունի իր ներկայացուցչությունը: Նման որոշումը զուրկ է տրամաբանությունից. գտնում է Սալեհին:

Նախօրեին ԵՄ ԱԳՆ-ների ղեկավարները Բրյուսելում որոշում կայացրին լիբանանյան շիական Հիզբոլլահ շարժման ռազմական ճյուղը ընդգրկել ահաբեկչական կազմակերպությունների սև ցուցակում: Այս քայլը Մեծ Բրիտանիայից զատ՝ պաշտպանել են Գերմանիան, Ֆրանսիան և Նիդեռլանդները: