Ինչպես արդեն արձանագրել ենք մեր նախորդ հրապարակման մեջ քաղաքապետարանի կայքում միայն այսօր և այսօրվա ամսաթվով է հրապարակվել հուլիսի 19-ին քաղաքապետի կայացրած որոշումը ուղեվարձի փոփոխության մասին:

Նշենք, որ այսօր այդ որոշման օրենքով նախատեսված կարգով հրապարակման հացին էր անդրադարձել նաև Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը’ քաղաքապետարանից պահանջելով պատասխանել արդյոք քաղաքապետը ստորագրել և օրենքով նախատեսված ձևով հրապարակել է նման որոշում:

Եվ ահա, ՄԻՊ-ի այս բաց նամակից ժամեր անց քաղաքապետարանի կայքում հայտնվում է չարաբաստիկ որոշման տեքստը:

«Փաստինֆո»-ն այս հրապարակման և որոշման օրինականության վերաբերյալ հարցով դարձյալ դիմեց Մարդու իրավունքների պաշտպանին:

Կարեն Անդրեասյանը մեզ հետ զրույցում նշեց, որ անցած 3-4 օրերի ընթացքում ՄԻՊ աշխատակազմը փորձել է գտնել քաղաքապետի հիշյալ որոշման հրապարկված տարբերակը, բայց այդպես էլ չգտնելով ի վերջո այդ հարցով ինքն անձամբ է դիմել քաղաքապետին:

Կարեն Անդրեասյանը մեզ հետ զրույցում նշեց,որ իրեն էլ է հետաքրքրում հարցը, թե ինչպես պատահեց, որ 4 օր առաջ ընդունված որոշումը միայն այսօր հայտնվեց կայքում:

Այդուհանդերձ, ՄԻՊ-ը առայժմ ձեռնպահ մնաց գնահատականներ տալուց, մինչև որ իր խոսքով, այս հարցի պատասխանը չստանա քաղաքաետարանից:

«Եթե իհարկե կներկայացվի իրական մեկնաբանութուն»,- հավելեց Կարեն Անդրեասյանը չթաքցնելով, որ մտավախություն ունի, որ քաղաքապետարանը կարող է հերթական խախտումն անել և հետին թվով որոշում հրապարակել: «Լավ է, որ որոշումը այսօր կայքում գոնե այսօրվա ամսաթվով է դրվել»,- ասաց Կարեն Անդրեասյանը:

Ի դեպ, ինչ վերաբերում է արդեն 4 օր շարունակ քաղաքացիներից գանձող 150 դրամ ուղեվարձին, Կարեն Անդրեասյանը նշեց, որ եթե այսօր հրապարակված որոշումը մինչ օրս միակն է, ապա փոփոխված ուղեվարձի գանձումը միանշանակ կարող է ապօրինություն համարվել:

«Եթե հաստատվի, որ սա միակ հրապարակումն է, կարող է ծագել ժողովրդին փոխհատուցելու խնդիրը»,- նշեց Կարեն Անդրեասյանը, միաժամանակ հայտնելով, որ այդ պարագայում ինքն անձամբ է պահանջելու, որպեսզի ժողովրդից ապօրինի գանձված գումարները վերադարձնելու հարց դրվի:

«Չկա հրապարակում'չկա որոշում»,-ասաց Մարդու իրավունքների պաշտպանը, ևս մեկ անգամ հիշեցնելով, որ գնահատականները կհրապարակի միայն քաղաքապետարանից հիմնավորումները ստանալուց հետո:

Ի դեպ, վաղը կառավարության նիստի օրակարգում «Գաղտնի» վրատառությամբ հարց է ներառված, որի քննարկման ընթացքում կառավարության անդամներն առանց կողմնակի վկաների լսելու են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

Չի բացառվում, որ թեման հենց տրանսպորտի թանկացման մասին հիշյալ որոշումն է լինելու: Հավելենք, որ որպես կանոն Երևանի քաղաքապետը կառավարության նիստերին մասնակցում է, բայց գործադրի հաստատմանը ենթակա հարցեր հազվադեպ է ներկայացնում: