Նիժեգորոդի մարզում իրականացվում է բանտից 3 տղամարդ և մեկ կին դատապարտյալների փախուստի դիմելու հանգամանքների քննությունը: Հանցագործներն այդ քայլին են դիմել քննչական մեկուսարան տեղափոխման ճանապարհին, հաղորդում է «newsru.co» կայքը:

Որոնողական հատուկ գործողություններին մասնակցում են 400 ոստիկան: Դժվարամատչելի տեղերը ուսումնասիրվում են անօդաչու թռչող սարքերի վրա հարմարեցված հսկիչ տեսախցիկների միջոցով, հաղորդում է ՆԳՆ տարածաշրջանի պետական վարչության պաշտոնական կայքը:

Նշենք, որ փախուստի դիմածներից ամենաերկար ժամկետով՝ 20 տարով դատապարտվածը, 1980թ-ին ծնված Օլգա Միխայլովան է: Իսկ 4 հանցագոգրծներից երկուսը, ինչպես նշում է «Life News»-ը, մարդասպաններ են:

Քննության տվյալներով, հինգշաբթի օրը Դալնեկոնստանտինովյան շրջանում ոստիկանության 3 աշխատակիցներ ուղեկցում էին հինգ դատապարտյալների, որոնցից երկուսը կին էին: Հանցագործներին Դալնեե Կոնստանտինովկա բանվորական ավանից մեքենայով տեղափոխում էին Նիժեգորոդյան մարզի Վադի թիվ 3 քննչական մեկուսարան: Տեղափոխության ժամանակ Կրուտոյ Մայդան գյուղի մոտ դատապարտյալներից մեկը սեղմել է արտակարգ կանչի կոճակը: Որպեսզի պարզեն, թե ինչ է պատահել, օրենքի պահապանները կանգնեցրել են բանտարկյալներին տեղափոխող մեքենան:Երբ ոստիկաններից մեկը փորձել է բացել դուռը, ազատազրկվածները դրանով հարվածել են նրան, իսկ երկրորդին մեկուսացրել են խցում: Իսկ թե ինչ է արել երրորդ ուղեկցողը, այդ մասին ոչինչ չի հաղորդվում:

Արդյունքում, 5 մեղադրյալներից 4-ը նստել են իրենց սպասող «ВАЗ-2107» -ը և հեռացել Արզամաս քաղաքի ուղղությամբ, հաղորդում է «interfax»-ը:

«Փախուստի դիմածների հավանական գտնվելու շրջանում դրվել են լրացուցիչ անցումային արգելակետեր և իրականացվում է ոստիկանական հետիոտն պարեկություն»,- հաղորդում է ՆԳՆ-ն:

Որոնվողների վերաբերյալ կողմնորոշիչ տվյալները փոխանցվել են նաև հարևան շրջաններին, սակայն, առայժմ, դեռ միայն հայտնաբերվել է այն ավտոմեքենան, որով փախուստի են դիմել հանցագործները: Մեքենայի վարորդն ասել է, որ իր «ուղևորներին» իջեցրել է Արզամասի շրջանի Կրիուշի ավանի մոտ:

Նշանակվել է ծառայողական ստուգում: «Ստուգման արդյունքներով աշխատակիցների նկատմամբ, որոնց մեղքով տեղի է ունեցել այդ միջադեպը, կձեռնարկվեն խիստ միջոցներ, ընդհուպ մինչև ՆԳ համակարգի շարքերից հեռացնելը»,- նշել են ՆԳՆ-ում: Նշենք նաև, որ հետաքննչական ստուգումները իրականացնում են ՌԴ Քննչական կոմիտեի աշխատակիցները: