ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի սպանության փորձի գործով այսօրվա դատական նիստում Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, որոշում կայացրեց դատաքննությունը վերսկսելու մասին: Դատարանը նշեց, որ տուժող Պարույր Հայրիկյանը հայցադիմում էր ներկայացրել հանցագործության հետևանքով իրեն պատճառված վնասը հատուցելու պահանջով, որը, սակայն. ըստ էության չի քննարկվել:

Տուժող կողմը ճշտեց հայցադիմումում նշված հատուցման չափը՝ այն կազմում է 43 մլն 424 հազար դրամ՝ որպես հրազենային վնասվածքների ախտորոշման, բուժման ու վիրահատությունների ծախսերի հատուցման գումար: Տուժող կողմը միջնորդում է, որպեսզի այդ գումարը համապարտության կարգով բռնագանձվի բոլոր երեք ամբաստանյալներից՝ մահափորձը կազմակերպելու մեջ մեղադրվող ՀՀ նախկին նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանից, սպանությունը կատարելու մեջ մեղադրվող Խաչատուր Պողոսյանից ու Սամվել Հարությունյանից: Վ.Սեդրակյանն առարկեց հայցադիմումի դեմ՝ այն որակելով որպես «մարդկային բանականությունից հեռու» պահանջ այն պատճառով, որ պետությունն արդեն հոգացել է այդ ծախսերը: Հայցադիմումը չընդունեցին նաև մյուս երկու ամբաստանյալները:

Դատարանը մերժեց Վ.Սեդրակյանի միջնորդությունը իր հեռախոսային խոսակցությունների վրա դրված արգելանքը վերացնելու մասին՝ ըստ դատարանի, դեռևս այդ որոշման հիմքերը պահպանվու մ են:

Դատարանը նորից հայտարարեց դատաքննության ավարտի մասին, այս պահին գործով մեղադրող Արամ Ամիրզադյանը հրապարակում է մեղադրական ճառը:

Այսօր ամբաստանյալների ու տուժողի կողմնակիցների միջև արձանագրվեցին լարվածության պոռթկումներ՝ ամբաստանյալ Խ.Պողոսյանի դիտարկումը, թե բժիշկները կարող են բիզնեսի նկատառումներով պարբերաբար վիրահատություններ անել արժանացավ Պ.Հայրիկյանի կողմնակիցների դժգոհություններին,ինչին Խ.Պողոսյանն ու Ս.Հարությունյանը պատասխանեցին հայհոյանքներով: Դատարանը ստիպված եղավ միջոցներ ձեռնարկել՝դատարանի դահլիճից հեռացնել Պ.Հայրիկյանի կողմնակիցներից մեկին, առժամանակ՝ նաև ամբաստանյալներին: