ԳԱԼԱ. Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեղադրող կողմը Վարդան Սեդրակյանի և մյուսների գործի քննության ժամանակ հանդես եկավ մեղադրական ճառով: Մեղադրողը դատական քննությամբ և նախաքննությամբ ապացուցված համարեց ամբաստանյալներին վերագրվող արարքները:

Ըստ մեղադրողի' ամբաստանյալներ Խաչիկ Պողոսյանը և Սամվել Հարությունյանը նշել են, որ իրենք նպատակ են ունեցել Պարույր Հայրիկյանին վախեցնելու, այլ ոչ թե սպանելու, սակայն ամբաստանյալների այդ բացատրությունները մեղադրողին արժանահավատ չթվացին, քանի որ վախեցնելու համար Հայրիկյանին մեկ անգամ կրակելն էլ բավական էր և քանի որ հնչել է նաև երկրորդ կրակոցը, ուստի նրանք մտադրություն են ունեցել սպանելու նրան, իսկ այն, որ Խաչատուր Պողոսյանը անմիջապես չի հեռացել դեպքի վայրից, այլ գնացել է միայն երկրորդ կրակոցը արձակելուց հետո, մեղադրողը բացատրում է այն հանգամանքով, որ Պողոսյանին զարմացրել է այն, որ Հայրիկյանը անգամ երկրորդ կրակոցից հետո էլ ողջ է մնացել: Անդրադառնալով Վարդան Սեդրակյանի մեղքն ապացուցող հանգամանքներին' մեղադրողը նշում է, որ վերջինս ամբաստանյալներ Պողոսյանի և Հարությունյանի հետ ունեցել է մտերիմ հարաբերություններ, և նրանք օգնել են վերջինիս, նախընտրական քարոզարշավի ժամանակ անգամ Սամվելը Սեդրակյանից պարտքով 3000 դոլար է խնդրել: Ուստի նրանք չունեին Սեդրակյանին զրպարտելու և հանցագործության մեջ ներքաշելու միտում կամ նրանից գումար շորթելու մտադրություն: Պողոսյանն ու Հարությունյանը, ըստ մեղադրողի, իմացել են, որ հանցագործության հիմքում ընկած է քաղաքական նպատակ, իսկ Հարությունյանն ու Պողոսյանը հեռու էին քաղաքականությունից, հետևաբար քաղաքական նպատակներ տվյալ դեպքում կարող էր ունենալ իրենց մտերիմ Վարդան Սեդրակյանը, ով նախագահի թեկնածություն էր դրել:

Մեղադրողը ամբաստանյալներին մեղսագրվող արարքների հիմքում որպես ապացույց դնում է նաև Պողոսյանի և Հարությունյանի' նախաքննության ընթացքում տրված նույնաբովանդակ ցուցմունքները, որոնցում վերջիններս ասել են, որ իրենք Սեդրակյանի պատվերով են կատարել հանցագործությունը, իսկ արդեն դատարանում նրանք տվել են բացատրություն այն մասին, որ իրենք նույնաբովանդակ ցուցմունքներ են տվել, քանի որ նախապես պայմանավորված են եղել բռնվելու դեպքում այդպես վարվել, ինչը մեղադրողն արժանահավատ չի համարում և գտնում է, որ նախաքննության ժամանակ նրանց ցուցմուքները նույնաբովանդակ են եղել, քանի որ դա եղել է ճշմարտությունը, ուստի հաշվի առնելով ամբաստանյալների անձը բնութագրող հատկանիշները, նրանց մեղսագրվող արարքների ծանրությունը, նրանց առողջական վիճակները և նրանց խնամքի տակ գտնվող անձանց առկայությունը' մեղադրողը միջնորդեց Վարդան Սեդրակյանին ազատազրկել 12 տարի, Սամվել Հարությունյանին' 13 տարի , Խաչատուր Պողոսյանին' 14 տարի:

Արաքս Մամուլյան

Լուսանկարը՝ aravot.am-ի