Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր հանձնարարել է կոնկրետ քայլեր ձեռնարկել տրանսպորտի սակագնի հարցի քննարկման նպատակով ձևավորվող հանձնաժողովում բոլոր շահագրգիռ կողմերին ներգրավելու համար. այս մասին Tert.am-ին ասաց Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը։

«Ընդ որում ավելի մասնագիտացված կողմերին, որովհետև հարցը ենթադրում է մասնագիտացված քննարկում. կլինեն հասարակական կազմակերպություններ, բուհերից՝ ուսանողական միության ներկայացուցիչներ, հանրային խորհրդից, այսինքն՝ բազմակողմ քննարկում»,- ասաց նաև նշեց, որ առաջիկայում հայտարարություն, անպայման, կլինի։

Հարցին, թե ակտիվիստները նույնպե՞ս կարող են ընդգրկվել հանձնաժողովի կազմում, Արթուր Գևորգյանը պատասխանեց, որ եթե ցանկություն ունեն, իհարկե, կարող են։ «Առաջարկը բոլորին է վերաբերվելու, եթե իրենք ցանկություն ունեն մասնակցելու, եթե՝ ոչ, ապա դա արդեն իրենց խնդիրն է։ Մենք հայտարարել ենք բաց ենք բոլոր քննարկումների համար»,- ասաց նա։

Ի դեպ, Արթուր Գևորգյանից նաև հետաքրքրվեցինք, թե արդյոք քաղաքապետարանում քննարկո՞ւմ են անժամկետ նստացույց հայտարարած երիտասարդ ակտիվիստների պահանջները, ովքեր պահանջում են տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի և «Երևանտրանս» ՓԲԸ-ի տնօրեն Միսակ Համբարձումյանի հրաժարականները։ Նշենք նաև, որ ըստ ԶԼՄ-ներով տարածված տեսանյութի՝ Հենրիկ Նավասարդյանը հայհոյել էր լրագրողին, իսկ Միսակ Համբարձումյանը, ըստ ակտիվիստների՝ խաղաղ ակցիաների ժամանակ բախումներ է հրահրել, չարաշահել է իր լիազորություններն ու քաղաքացիների ու լրագրողների նկատմամբ պետական պաշտոնյային ոչ հարիր և հանցավոր վարքագիծ է դրսևորել։

Շարունակությունը կարդացեք այստեղ: