ԳԱԼԱ-ն զրուցել է Արցախյան պատերազմի ազատամարտիկ Արկադի Տեր-Թադևոսյանի հետ (Կոմանդոս):

-Պարոն Տեր-Թադևոսյան, կարծիք կա, որ Արցախյան պատերազմի մեր հերոսները մոռացվում են, համաձա՞յն եք այդ տեսակետի հետ:

-Համաձայն եմ, ինչու՞ պետք է հերոսներին հիշեն, իրենք իրենց գործն արել վերջացրել են, հիմա այլ ժամանակներ են, բիզնեսմեններն են գնահատվում, հիմա ուզում են ամեն ինչ իրանց վերագրեն, ուրիշի արածը իրանցն են համարում:

Մեր մոտ կառավարությունն է այդպիսին, որ ուրիշների արածն իրենց են վերագրում, այլ կերպ գրում, նորությու՞ն եք ասում:

-Խնդիրն այն է, որ մոռացվում են և՛ ազատամարտիկները, և՛ Արցախյան պատերազմում տեխնիկական դերակատարում ունեցած անձիք, մարդիկ, որոնք հակաօդային պաշտպանության համակարգն են ներդրել, օրինակ Նորատ Տեր-Գրիգորյանցը:

-Ինչի՞ միայն հակաօդային պաշտպանությունը, նաև մեր ուղղաթիռների վարորդները, իրանց մասին ոչինչ չեն գրում, բայց իրանց մասնակցությունը մեծ դեր է ունեցել. Տեր-Պողոսյանը, Տեր-Գրիգորյանցը… իրանց մասին մեկ-մեկ գրում են, մայիսի իննի շոուին մասնակցում:

Տեր-Գրիգորյանցն իմ մարտական ընկերն է, մեկ-մեկ գալիս է Երևան, հանդիպում ենք:

-Տեր-Գրիգորյանցի հետ կապված ի՞նչ կասեք, ինչու՞ է մեկնել Ռուսաստան. գեներալն, ով պայքարել է երկրի համար, խաղաղության պայմաններում գտնվում է երկրից դուրս, ի՞նչն է նրա գնալու պատճառը:

-Ինքը ինչ նպատակներ դրել էր, գերազանց կատարեց. մեր բանակը ստեղծեց, ինքն առաջին տեղակալ է եղել, իրեն պաշտոն տվեցին նախարարությունում, ինքը հրաժարվեց, հիմա էլ ամեն ինչ անում է, մեր լեյտենանտների կոչումներն է տալիս, Արա Աբրահամյանի մոտ է աշխատում՝ Ռուսաստանում հայերի միությունում, շատ ակտիվ աշխատում է, չէի ասեի, որ ինքը պասիվ է, պարբերաբար Երևան է գալիս:

-Խնդիրը պասիվ կամ ակտիվ լինելու մեջ չէ, այլ այն, որ ասում են՝ նա հակասությունների մեջ է եղել Վազգեն Սարգսյանի և Սերժ Սարգսյանի հետ, ինչի պատճառով էլ հեռացել է:

-Չեմ կարող ասել հակասություններ եղել են, թե ոչ, բայց մենք հակասության մեջ ենք ապրում, մեկը մյուսի հետ հակասության մեջ է լինում. Հայաստանում խմբավորումներ են առաջանում, մեկը մյուսի դեմ է դուրս գալիս, մեկը մյուսի վրա ավել-պակաս խոսում, դա մեր հայկական մենթալիտետն է:

Դուք ուզում եք ասել, որ ինքը հակասություններ ուներ, գտեք մի մարդ մի կոլեկտիվում, ով հակասություն չի ունենում:

-Կարծիք կա, որ Դուք էլ եք հակասության մեջ եղել և ժամանակ առ ժամանակ Ձեզ թույլ չէին տալիս Ղարաբաղ գնալ:

-Ոչ թե հակասության մեջ եմ եղել, բոլորս էլ հակասության մեջ ենք եղել, այլ պրեսի մեջ, դրա մասին որ խոսաս, կասեն՝ մարդ աբիժնիկ ա, դրա մասին խոսում ա:

Հակասություններ չեն եղել, ավելի վատ բաներ են եղել, բայց ամեն ինչ տարել ենք, ամեն ինչ նորմալ է:

Հարցազրույցը՝ Սեդա Ղուկասյանի